Ես միշտ ասել եմ, որ անձնական որևէ բան չկա, տարաձայնությունները քաղաքական են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ խոսելով Սասուն Միքայելյանի և Աբովյանի քաղաքապետի հետ իր հարաբերությունների մասին. «Քաղաքական տարաձայնությունները, գնահատականներն ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր, նոր վարքագիծ ի հայտ չի եկել: Սակայն դա չի խանգարում անձնական մակարդակով մեր փոխշփմանն այսպիսի կարևոր իրադարձությանը»:
Կարևոր իրադարձություն ասելով մարզպետը նկատի ունի զորահավաքը, որն այսօր մեկնարկել է:
Պետրոսյանի խոսքերով, ամենակարևորը պետության շահն է, անձնական փոխհարաբերությունները ստորադասվում են դրան:
Պետրոսյանը խոսեց նաև ընտրություններից առաջ «Իմ քայլի» թեկնածուի շտաբի աշխատակցի ավոտմեքենան այրելու միջադեպի մասին: Նա մասնավորապես նշեց, որ իրենք հետևողական են. «Ես շահագրգռված եմ, որ գործը բացահայտռվի: Այն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Գործը դեռ ՔԿ-ում է, քննվում է: Մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել: Ցավոք գործի բացահայտումը ձգձգվում է, ինչպես տսանյակ այլ գործեր: Նույնիսկ արտաժամյա աշխատանքի արդյունքում քննիչները չեն հասցնում քննել այս ծավալի գործերը: Մենք ըմբռնումով ենք մոտենում, սպասում ենք»:
0Comments