Լենա Նազարյանի մասին շարունակում են բացասական հոդվածներ գրվել. «Մեդիա պաշտպան»

2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավորի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին

2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի (Lena Nazaryan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 85 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 45-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին շարունակում են բացասական հոդվածներ գրվել։ Այս տասնօրյակում ևս դրանք գերազանցում են դրականներին։ Ամուլսարի հարցը իշխանությունների համար հիմնական խնդիրներից մեկն է մնում։ Ինչպես Լիլիթ Մակունցի, այնպես էլ Լենա Նազարյանի մասին գրում են, որ Ամուլսարի շահագործման դեմ դասադուլների ժամանակ Լենա Նազարյանը չի պատասխանել լրագրողների հեռախոսազանգերին։ Ըստ հրապարակումների, Ամուլսարի հարցում Լենա Նազարյանը շարունակում է խուսափողական պատասխաններ հնչեցնել։

Լրատվականներում լուր տարածվեց, որ տիկին Նազարյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, բացի այդ նշվում էր, որ Լենա Նազարյանը կթողնի նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Այնուհետև Լենա Նազարյանը հերքեց այդ հրապարակումները և պնդեց, որ ինքը հրաժարականի դիմում չի ներկայացնելու։

Լրատվականները հիշեցնում են՝ այս իշխանությունները հայտարարում էին, որ ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորել և հովանավորչություն չի լինելու։ Ըստ հրապարակումների, խոստումը դրժվել է։ Տարբեր պաշտոնյաների հարազատներ բարձր պաշտոններ են ստացել, այդ թվում Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, որը զբաղեցնում է Պետգույքի կառավարման կոմիտեի պետի պաշտոնը։