Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ աշխատանքային այցի չվերթի կազմակերպման ծախսերը կարող են կազմել մոտ 350 հզր դոլար. վարչապետի խոսնակ

Խոսնակը հաստատում է, որ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով:

Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Այստեղից վարչապետը կրկին հագեցած գրաֆիկով ուղևորվելու է Սան Խոսե` Սիլիկոնյան հովիտ, և կրկին ընդամենը մի քանի ժամում անցկացնելու է մի շարք հանդիպումներ և բանակցություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների հետ: Այնուհետև վարչապետը մեկնելու է Նյու Յորք, ներգրավվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանն ունենալու է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ և միջոցառումներ։

Միաժամանակ հայտնում եմ, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված է Սինգապուրի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, և կառավարության ղեկավարը խնդիր ունի մինչ այդ ժամանելու Երեւան։ Առանց հատուկ թռիչքի կազմակերպման` վարչապետի կարևոր աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ նման հագեցած գրաֆիկով և սեղմ ժամկետներում անհնար կլիներ կազմակերպել, մանավանդ, որ վարչապետը չէր կարող չմասնակցել սեպտեմբերի 21-ին Հայաստանում նախատեսված միջոցառումներին, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը: Այսուհետ եւս, նման կարգավորումներն արվելու են այնպես, որ հնարավորինս նպաստեն երկրի ղեկավարի այցի առավել արդյունավետ կազմակեպմանը»,- գրել է նա։

Tert.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակը մանրամասնեց, որ 165 մլն դրամը վերաբերում է ոչ թե ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերին, այլ միայն հատուկ չվերթին։