Ինչո՞վ եք տարբերվում Արարատ Միրզոյանի կնոջից՝ պարոն ԱԽՔ. «Հրապարակ»

ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնին նվիրված շնորհավորական ուղերձից հետո ֆեյսբուքյան գրառումներ են արել

Հրապարակը գրում է.Արմեն Գրիգորյանը 2018 թվականի մայիսից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բավականին լուրջ պաշտոն։ Պատասխանատվություն, որը դրվել է մի մարդու ուսերի վրա, որի կենսագրության մեջ պետական, քաղաքական փորձառության տարր չկարողացա գտնել։ Արձանագրենք, որ 2012 թվականի մարտից մինչև 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ Իսկ 2015 թվականի ապրիլից 2018 թվականի մայիսը՝ աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում։ Այդքանը։ Վիքիպեդիայում չկար, թե 2013թ․ սեպտեմբերից մինչև 2015 թվականի ապրիլը ինչ գործի է եղել։ Բայց համադրելով թվերը, որ 2013 թվականի փետրվարին Արմեն Գրիգորյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետը, պարզ է, որ նա ակտիվորեն մասնակցել է Անդրիաս Ղուկասյանի հացադուլի և մնացած քաղաքական գործողություններին։ Ընդհատումներով աշխատելու պատճառը ոնց որ թե դա էր։

Թռիչքաձև՝ 2018 թվականի մայիսից՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Պատկերացրեք գործի լրջությունը։ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Պետական կառույցների, անվտանգության ուժերի հետ աշխատելու ինչպիսի փորձառություն է պահանջում Անվտանգության խորհրդի քարտուղարից, մինչդեռ նա ֆեյսբուքյան մի գրառմամբ ցույց է տալիս, որ անգամ գաղափար չունի, թե ինչ է նշանակում պետական կառույց, նախագահի ինստիտուտ, ինչ է նշանակում Անվտանգության խորհրդի նախագահից առաջ ընկնել ու լուրջ, առանց հիմքերի հայտարարություն անել Հանրապետության Երրորդ նախագահի վերաբերյալ։ Պաշտպանության կամ անվտանգության ոլորտում ամենասովորական աշխատողին անգամ արգելված է համացանցի միջոցով պետական հայտարարություններ անել։ Ուզում եմ հասկանալ՝ Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն անելուց խորհրդակցե՞լ է Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եղե՞լ է հրահանգ, թե նրան թվում է, թե շարունակում է քաղաքացիական ակտիվիստի հեղափոխական գործունեությունը, և երկիրը դնում է անհնազանդության, անհանդուրժողականության, անպատասխանատվության ռելսերի վրա։

Արմեն Գրիգորյանն ի պաշտոնե նման բան թույլ տալու իրավունք չուներ և ժամանակն է Հայաստանի Հանրապետությունը դուրս բերել փորձադաշտային տարածքից և պոստերում նշանակել իրենց գործը հասկացող կադրերի։

Նման դեպքերում մնում է ՀՀ անվտանգության խորդրի քարտուղարին ասել՝ կամ դուք, կամ Գոհար Աբաջյանը․ երկուսդ էլ նույն խելքին եք։ Երկուսդ էլ մտքներովդ ինչ անցնում, գրում եք։ Ինչո՞վ եք, տարբերվում Արարատ Միրզոյանի կնոջից, պարոն ԱԽՔ։

Հիշեցնենք , որ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնին նվիրված շնորհավորական ուղերձից հետո ֆեյսբուքյան գրառումներ են արել։ Իրենց քաշից « մեծ- մեծ բաներ են թույլ տվել»։ Նման հակահիգիենիկ գրառումների մեջբերումը հակասանիտարական է։

Հասմիկ Բաբաջանյան