Ինչու էին այսօր Գյումրիում պարող տղամարդիկ կիսաշրջազգեստ կրում ու ինչ ներկայացում էր. Պարզաբանում է մենապարողը

Մեր զգեստները և պատկերները հորինված չեն, մեր հեթանոս քրմերը օգտագործել են նման հագուստ, անգամ մեր ժեստերը քրմական են, ասեմ, որ գուցե առաջին հայացքից են սխալ մեկնաբանել. Րաֆֆի Գալստյան

Այսօր Գյումրիում Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի բալետի խումբը և բեմականացումը որոշակի արձագանքների տեղիք է տվել, հատկապես կապված երկարափեշ հագուստի հետ:

Analitik.am-ի հետ զրույցում Օպերային թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը, ով ներկայացման գլխավոր դերակատարն էր նշեց, որ հին քրմական պար են ներկայացրել, հագուստները նույնպես քրմական էին:

Ինչ վերաբերում է կիսաշրջազգեստներին, ապա, ըստ նրա, պարզ երևում է, որ հին հայկական պատկերներ են հագուստի վրա՝ վերցված հայկական մանրանկարչությունից, իսկ արեգակնային համակարգերը աչքի էին զարնում:

«Մեր զգեստները և պատկերները հորինված չեն, մեր հեթանոս քրմերը օգտագործել են նման հագուստ, անգամ մեր ժեստերը քրմական են: Տեսել եմ, որ տարբեր մեկնաբանություններ կան մեր ներկաայցման առնչությամբ, ասեմ, որ գուցե առաջին հայացքից են սխալ մեկնաբանել: Հավելեմ նաև, որ այս ներկայացումը նոր չէ»,- ասաց Րաֆֆի Գալստյանը:

Նա նաև նշեց, որ ներկայացումը կոչվում է «Զույգ Արեգակներ», որը բազմիցս ներկայացվել է Օպերային թատրոնի բեմում և տարիներ առաջ ճանաչվել տարվա լավագույն ներկայացում:

«Հայտնի ներկայացում է, այնպես չի, որ հորինեցինք: Մենք ներկայացրել ենք Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությունը, նա է մեր ռեժիսորը: Մենք պարզապես ներկայացրել ենք հին քրմական ծիսական արարողություն, այդքանը, ոչինչ ավելի»,- ասաց Ր. Գալստյանը՝ հավելելով, որ ինքը՝ որպես գլխավոր մենապարող, պետք է իր հագուստով տարբերվեր և տարբերվում էր:

Նշենք, որ Րաֆֆի Գալստյանը 2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ «դասական պար» անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակին: 2016 թվականին մասնակցել է հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակին: 2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ տեղերին: Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակին: 2018 թվականին մասնակցել է Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը: 2019 թվականի ապրիլի 28-ին մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի է ունեցած դասական պարի միջազգային մրցույթին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակների: Ամռանը Չինաստանի Վենջոու քաղաքում մասնակցել է բալետի արտիստների GIDC միջազգային մրցույթին, արժանացել է առաջին մրցանակի:

Նշենք նաև, որ սոցցանցերում քննադատվեց բեմադրությունը՝ ընդգծելով, որ այն կարող է դիտարկվել որպես միասեռականության, տրանսգենդերների քարոզ: Օգտատերերի մեծ մասը չէին հասկանում նաև, թե ինչ կապ ուներ բեմադրությունն օրվա խորհրդի՝ անկախության տոնի հետ:

Գոհար Ստեփանյան