«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը հայտնի է

Ռիտա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են իրենց գործունեությունը

Գյումրու Սև Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:

Մրցանակը նրան հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կարծիքով այս մրցանակին արժանացած անձը բոլոր ժամանակների մեր հերոսների հավաքական կերպարն է: Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել և քաղաքից տեղափոխվել է գյուղում ապրելու: Այս անձը՝ լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի և չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել: Մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակը ստացած անձը մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարն է»,- նշեց Փաշինյանը:

Ռիտա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են իրենց գործունեությունը:

«Ուրախ եմ, որ իմ բուժիչ թեյերով կարող եմ նպաստել մարդկանց առողջության պահպանմանը: Ես նոր ծրագրեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ»,- ասաց մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը: