Ռոմանտիկ ֆիլմեր, որոնք արժե երկուսով դիտել

Ֆիլմի գլխավոր հերոսը ցինիկ լրագրող Մարկ Մորոնյեն է, ով վստահ է՝ սերը ապրում է 3 տարի

Հարաբերությունների մասին ֆիլմերը կարող են օգնել միմյանց ավելի լավ ճանաչել: Հետևեք զուգընկերոջ արձագանքներին, քննարկեք նրա արարքները և արտահայտեք Ձեր կարծիքը: ELLE-ն ընտրել է ֆիլմեր, որոնք արժե դիտել երկուսով:

«Երբ Հարին հանդիպում է Սալիին»

Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Հարին (Բիլի Քրիսթալ) և Սալին (Մեգ Ռայան), հանդիպում են ճաշարանում և քննարկում են տղամարդկանց և կանանց միջև հարաբերությունները: 30 տարվա ընթացքում (ֆիլմը նկարահանվել է 1989 թվականին) զույգերի խնդիրները չեն փոխվել, իսկ թեմաները, որոնք քննարկում են հերոսները, այսօր էլ արդիական են:

«Լուսաբացից առաջ»

Ֆիլմի երիտասարդ հերոսները՝ Ջեսին (Իթան Հոուկ) և Սելինը (Ժյուլի Դելփին), պատահաբար հանդիպում են գնացքում, և Ջեսին համոզում է ֆրանսուհուն իր հետ իջնել գնացքից և զբոսնել Վիեննայում, քանի որ հաջորդ օրը նա պետք է վերադառնա տուն՝ Նահանգներ: Պատահական արկածը վերածվում է սիրո, բայց լուսաբացը մոտենում է:

«Սերն ապրում է 3 տարի»

Ֆիլմի գլխավոր հերոսը ցինիկ լրագրող Մարկ Մորոնյեն է, ով վստահ է՝ սերը ապրում է 3 տարի. Նախ՝ մարդիկ կրքոտ սիրում են միմյանց, հետո՝ ընկերանում են, իսկ վերջում ձանձրանում են և բաժանվում: Հոռետեսի պատմությունը ներկայացված է ֆրանսիական նուրբ հումորով և շուքով: