«Ռուսական երկաթուղիներ»-ը պատրաստվում է խզել ՀՀ իշխանությունների հետ համաձայնագիրը

Ռուսաստանն հավաստիացնում է, որ նրանք արգելափակում են իր դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատանքը, որը ղեկավարում է հայկական երկաթուղիները

«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ հավաստիացնելով, որ նրանք արգելափակում են իր դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատանքը, որը ղեկավարում է հայկական երկաթուղիները: Այդ մասին RTVI-ին ասել է աղբյուրը, որը ծանոթ է Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին: 

Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են ՌԴ տրանսպորտի նախարարությունում:

«Ռուսական երկաթուղիներ»-ի հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ սրվել են խուզարկումների ու քրեական գործերի պատճառով, որոնք Երևանը հարուցել է «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի դեմ:

2018 թվականի օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկումներ են անցկացվել 19 000 դոլարի չափով հարկեր չվճարելու կասկածանքով: Ընկերությունում նշել են, որ ուժայիններն առգրավել են իրենց փաստաթղթերը:

Դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ հետաքննում են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի՝ վերջին 10 տարվա գործունեությունը:  

RTVI-ի աղբյուրների համաձայն՝ ընդհանուր առմամբ ընկերության դեմ հարուցվել է 7 գործ: Ընկերությունը փորձել է իր փաստաթղթերը վերադարձնել դատարանի միջոցով, սակայն նրան մերժել են:

Ընկերությունում ֆինանսական մեղադրանքներն անհիմն են համարում:

RTVI-ի աղբյուրի համաձայն, եթե Հայաստանը չցանկանար ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ պարզապես ցանկանար պարզել իրավիճակը, նա կդիմեր միջազգային դատարան: «Փոխարենը հայկական կողմը նախընտրեց ճնշում գործադրել քրեական գործերով», - նշում է աղբյուրը: