Հովիկ Աղազարյանի արտահայտած կարծիքն էմոցիոնալ մտորումներ են

Պարոն Աղազարյանը տեղյակ չէ պետաիրավական հանձնաժողովում ընթացող գործընթացների մասին, որոնք վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին

Հովիկ Աղազարյանն արտահայտել է իր սեփական մասնավոր կարծիքը, որը չի հանդիասանում խմբակցության կարծիք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք»։

Այս առնչությամբ, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Պարոն Աղազարյանը տեղյակ չէ պետաիրավական հանձնաժողովում ընթացող գործընթացների մասին, որոնք վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին, Դատական օրենսգրքի որոշ դրույթներ սահմանադրական վերահսկողության առարկա դարձնելու վերաբերյալ մեր ընդհանուր գաղափարի նախագծին, տեղյակ չի այն բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունեցել արդարադատության նախարարության, կառավարության, նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Նա արտահայտել է կարծիք, որոնք էմոցիոնալ մտորումներ են»: