Ինչո՞ւ չի կարելի կովի կաթ տալ երեխաներին. փորձագետի կարծիքը

Պատճառն այն է, որ կովի կաթի մեջ ավելի շատ կալորիա կա, չէ որ հորթն ավելի խոշոր է նորածին երեխայից եւ ավելի շատ քանակությամբ սննդանյութերի կարիք ունի

Նորածնի համար լավագույն սնունդը մայրական կաթն է, եւ կովի կաթը որեւէ կերպ չի կարող այլընտրանք դառնալ: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Վորլդ վիժն (World Vision) կազմակերպության փորձագետ Կարինե Աբելյանը:

Մասնագետի խոսքով՝ կովի կաթը նախատեսված է հորթի, այլ ոչ թե նորածին երեխայի համար: Դրա կազմը էապես տարբերվում է կրծքի կաթի կազմից, եւ այդ պատճառով այն չի կարող փոխարինել կրծքի կաթին: Երեխաները, որոնց կովի կաթով են կերակրում, ավելի արագ են մեծանում, քան նրանց հասակակիցները, որոնց կերակրում են կրծքի կաթով: Պատճառն այն է, որ կովի կաթի մեջ ավելի շատ կալորիա կա, չէ որ հորթն ավելի խոշոր է նորածին երեխայից եւ ավելի շատ քանակությամբ սննդանյութերի կարիք ունի:

Փորձագետի խոսքով՝ մեկ այլ խնդիր է այն, որ կովի կաթի մեջ բացակայում են հակամարմինները, որոնք առկա են կրծքի կաթի մեջ:

«Եթե երեխայի մայրը ինչ-որ հիվանդություն է ձեռք բերել կամ պատվաստվել է դրա դեմ, նրա օրգանիզմում հատուկ հակամարմիններ են ձեւավորվում, որոնք նաեւ թափանցում են կրծքի կաթի մեջ: Երբ երեխան խմում է այդ կաթը, դրա հետ փոխանցվում են նաեւ հակամարմինները, որոնք պաշտպանում են բոլոր այն հիվանդություններից, որոնց հանդեպ երեխայի մոր մոտ իմունիտետ է առաջացել»,- բացատրեց մասնագետը:

Իհարկե, խոսքն այն հիվանդությունների մասին չէ, որոնց հանդեպ օրգանիզմում կայուն իմունիտետ չի առաջանում: Օրինակ, մարդիկ հաճախ են գրիպով վարակվում, եւ այդ հիվանդությունից կրծքի կաթը չի կարող պաշտպանել: Իսկ օրինակ կարմրուկից կամ կարմրախտից երեխան կյանքի առաջին ամիսներին պաշտպանված է, եթե նրան կերակրում են բացառապես կրծքի կաթով:

Բնականաբար, մայրական կաթը չի կարող միշտ պաշտպանել նորածնին, եւ ժամանակին պետք է հոգ տանել, որպեսզի երեխայի մոտ ձեւավորվի այդ հիվանդությունների հանդեպ սեփական իմունիտետը: Դրա համար երեխային պետք է պատվաստել պատվաստումների օրացույցին համաձայն:

med.news.am