Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է

Կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը

Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։

Հայտնում ենք, որ հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են, ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։

Ի ապացույց վերոգրյալ պնդմանը՝ բավական է ուշադրություն դարձնել հրապարակված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և համեմատել այն 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված 1991 թվականի ստուգարքային գրքույկի լուսանկարի հետ։

Ինչպես տեսնում ենք՝ կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը։

Նմանօրինակ կեղծ փաստաթղթեր հրապարակվել են շատ այլ անգամներ։ 2018 թվականի օգոստոս ամսին գրվել էր, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ է, և հրապարակվել էր մի շարք ակնհայտ կեղծիքներով փաստաթուղթ։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց հերքվեց։

Ամիսներ առաջ մեդիադաշտում հայտնվեց ևս մեկ կեղծ նամակ՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որտեղ իբրև նշված էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս նամակի կեղծ լինելը կրկին կարճ ժամանակում հերքվեց։

Տեղեկատվության ստուգման կենտրոն