Փաստորեն այս պատգամավորը 1930-ականների մտածողությունից առաջ չի անցել. Բաբայան

Պարոն Աղազարյանը, կարծում եմ, այն տարիքում ու դիրքում է, որ առնվազն պարտավոր է իմանալ, որ չի կարող դատարանը գործել օրինական, եթե կա որևէ ՃՆՇՈՒՄ, այդ թվում հասարակական

Ինչպես խոստացել էի երեկ՝ կանդրադառնամ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մտքերին, որը նա հնչեցրել է երեկ՝ «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության եթերում․

Այսպիսով, պատգամավորի մտքերից քաղվածք

Միտք - 1. դատախազությունն է իր գնահատականը տվել սահմանադրական դատարանի որոշմանը:

Փաստորեն այս պատգամավորը 1930-ականների մտածողությունից առաջ չի անցել: Հենց 30-ականներին էր, որ դատախազությունը կարող էր գնահատական տալ ցանկացածին և ուներ բացարձակ իշխանություն:

Դատախազությունն այդ ժամանակ հենց ինքն էր դատարանը, չկար մի դատարան, որին հաջողվեր դուրս գալ դատախազության ցանկությունների դաշտից:

Բայց փոխվել են ժամանակները, անցել է ավելի քան 80 տարի և հիմա մենք ունենք իշխանության ճյուղերի անկախություն:

Միտք - 2. Մի գուցե դատավորը զգացել է հասարակության լայն շրջանակների ՃՆՇՈՒՄԸ ու դատավարությունը իրականացրել է օրենքին համապատասխան:

Մեկ նախադասության մեջ իրար այսքան ակնհայտ հակասող մտքեր դեռևս չէր արտահայտել իշխանության որևէ ներկայացուցիչ: Պարոն Աղազարյանը, կարծում եմ, այն տարիքում ու դիրքում է, որ առնվազն պարտավոր է իմանալ, որ չի կարող դատարանը գործել օրինական, եթե կա որևէ ՃՆՇՈՒՄ, այդ թվում հասարակական: Ավելի վտանգավոր երևույթ, քան հասարակական ճնշման ներքո կայացված դատական ակտերն են, դժվար է գտնել:

Միտք - 3. Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճնշումները շատ ավելի ուժեղ և նպատակային էին: Նրանք իշխանություն չեն, բայց ունենալով լայն հնարավորություններ մեդիա դաշտում՝ իրականացնում են իրենց ճնշումը: Ճիշտ է, այս մի թևը իշխանությունն է, բայց Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ հնարավորություններ ունի: Եկեք տրամաբանենք, թե այդ ինչպես պետք է ճնշի իշխանությունը, որ դատավորը ճնշվի:

Անկեղծ ասած 3-րդ մտքում մեջբերված մտքերը լսելիս որևէ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե դրանից հետո ինչպես է հնարավոր տրամաբանել: Փաստորեն ի՞նչ է ստացվում․ ըստ պարոն Աղազարյանի Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, քանի որ ունեն մեծ մեդիա ռեսուրս, կարող են օրինակ դատավորի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, խուզարկել դատավորի աշխատասենյակը: Փաստորեն, կրկին ըստ Աղազարյանի տրամաբանության, նախագահ Քոչարյանի կողմնակիցները կարող են բացել արխիվները և դատավորի գիտական աշխատանքի հետ կապված հերյուրանքներ տարածել: Դե հա, այսպիսի ճնշումներ իշխանությունը հո չի՞ կարող կիրառել: Իշխանությունը ի՞նչ կարող է անել․․․ հեչ, ընդամենը դատարանի «հրապարակում» (ինչպես պատգամավորն է ասում), հավաքվել, երգել, պարել ու բանտարկություն պահանջել: Դրանից ավել ի՞նչ կարող է անել իշխանությունը, հեչ, ոչինչ չի կարող:

Միտք - 4. Ես ուրախ եմ, որ կա այդպիսի խիզախ դատավոր, ով Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների ճնշման տակ կարող է կայացնել այդպիսի որոշում:

Ոչինչ չի մնում ասելու, քան՝ իյա՜, իրո՞ք․․․

Այս մարդը հետո շարունակում է նույնքան տարօրինակ մտքեր հնչեցնել ՍԴ-ի մասին, նրա դատավորների, գործունեության: Հետո «փառահեղ» միտք է հնչեցնում, թե վճռաբեկ ու սահմանադրական դատարանները նույն գործառույթներն են իրականացնում: Լրագրողն, իհարկե, փորձում է բացատրել, որ սահմանադրական դատարանն իրականացնում է այնպիսի լիազորություն, որը բացառիկ է, բայց միևնույնն է, դա էլ չի օգնում:

Եվ ընդհանրապես լրագրողն անդադար ճիգեր է գործադրում բացատրելու, որ պատգամավորի կողմից հնչեցված մտքերն ու արտահայտած տեսակետները, մեղմ ասած, շատ հեռու են տրամաբանությունից, բայց կրկին անօգուտ․․․

Հ․Գ․ 1. այստեղ ամենասարսափելին այն չէ, որ գոյություն ունի այսպիսի պատգամավոր, այդպիսիք իշխող քաղաքական էլիտայում զգալի թիվ են կազմում: Սարսափելին այն է, որ հենց այս մարդիկ են մեր օրերում ղեկավարում մեր պետությունն ու հենց այս մարդիկ են որոշելու մեր պետության դատական իշխանության ապագան․․․ Իսկ որ ամենասարսափելի է՝ այս մարդիկ գոհ են իրենցից ու երջանիկ են իրենց «իմացածի» համար

Հ․Գ․ 2․ Հետևանքները շատ ծանր են լինելու, այսպես շարունակվել պարզապես չի կարող:

Արսեն Բաբայան