Սմբատ Գոգյանը՝ Ալեքսանդր Ազարյանի և Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունների մասին

Մենք նման դեպքերում անուններ չենք հանրայնացնում, բայց այս դեպքում անվանարկվեց, քանի որ եղավ երկու կողմի բախում, ինչի հետևանքով խնդիրը դուրս եկավ «ջրի երես»

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մեծ մասն արտագրված է, բայց նա միակ ռեկտորը չէ, ում աշխատանքի մեջ մենք նման բան ենք հայտնաբերել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Մենք նման դեպքերում անուններ չենք հանրայնացնում, բայց այս դեպքում անվանարկվեց, քանի որ եղավ երկու կողմի բախում, ինչի հետևանքով խնդիրը դուրս եկավ «ջրի երես», մեդիան էլ այն վերցրեց, ու երկար շահարկվեց թեման: Եղավ վարչապետից հանձնարարական, ստեղծվեց աշխատանքային խումբ: Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի պատմության մեջ միակ մարդը չէ, ում հետ այդ խնդիրը եղել է: Անցած տարի ես հայտարարեցի, որ երկու ռեկտոր խնդիր ունեն ատենախոսությունների հետ կապված, և նրանք շատ արագ դիմում գրեցին ու հեռացան, հանրույթն առանձնապես չիմացավ, թե ում մասին է խոսքը գնում: Ես ցանկանում եմ խնդիրները լուծել համակարգային, ոչ շոու սարքելով»:

Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում ուսումնասիրել ու եզրակացություն է ուղարկել վարչապետին: Այն պնդմանը, որ ատենախոսության մեծ մասն արտագրված է, համաձայն են եղել հանձնաժողովի բոլոր անդամները:

 

Video Player

«Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մասին եզրակացությունը ստորագրվել է միաձայն, ստորագրել է անգամ հանձնաժողովի անդամ Վիլեն Խաչատրյանը, ով Ռուբեն Հայրապետյանի մտերիմն է: Ռուսական «Диссернет» կայքը տվյալները հավաքագրել է, և կարծում եմ՝ մոտ ժամանակներս կհրապարակի, և հանրությունը կտեսնի, թե ինչ մասշտաբի արտագրություն է արվել»:

Սմբատ Գոգյանի համար միայն մի հարց է մութ մնացել, թե ինչո՞ւ է Ռուբեն Հայրապետյանը պնդել, որ դա միայն տեխնիկական խնդիր է:

«Ինձ համար անհասկանալի է, թե դրա հերքելու և տեխնիկական անվանելու խնդիրը ո՞րն է, որովհետև ցանկացած արտագրված տեքստ կարելի է մեկնաբանել, որ մոռացել եմ հղումը դնել: Ես կարող եմ վերցնել Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների ժողովածուն», տպել իմ անունով, հետո ասել, թե մոռացել եմ հղում տալ: Այդ արդարացումն ընդունել չի կարելի»:

Երկրորդ աղմկահարույց ատենախոսությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին էր, ով հայտնի է նրանով, որ փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Սմբատ Գոգյանն օրինաչափ է համարում, որ, երբ մարդը հանրային գործընթացի մեջ է ընդգրկվում, նրա անցյալը սկսում են ուսումնասիրել:

«Ինֆորմացիան կրկին դրսից եկավ, ԲՈԿ-ն ինքն իրենով չէր նախաձեռնել: Բնական եմ համարում, որ, երբ մարդը հանրային գործընթացի մեջ է ընդգրկվում, նրա անցյալը սկսում են ուսումնասիրել: Ալ. Ազարյանի դեպքում դատական նիստից հետո մեզ մոտ եկան, ասացին ՝ իր ատենախոսությունը, որի ղեկավարն այս մարդն է, իր մեկ այլ ասպիրանտի հետ համընկնում է, ատենախոսությունները տվեք, նայենք, տվեցինք, ցանկացած մարդ կարող է դա անել: Նայեց, ստուգեց, ասեց՝ ինձ տեղեկանք տվեք, ասացինք՝ չենք կարող դրա մասին տեղեկանք տալ, գնաց: Հաջորդ օրվանից այդ մասին սկսեց հետաքրքրվել մամուլը:
Եթե մեզ գան ասեն՝ տվեք ինչ-որ նախկին ՀՀԿ-ականի կամ մեկ այլ կուսակցականի անուն, որի ատենախոսությունն արտագրված է, ես չեմ տա, չնայած լիքը այդպիսի անուններ գիտեմ: Դա, իհարկե, «կոմպրոմատի» թեմա է, կարելի է խորանալ ցանկացած մարդու գիտական անցյալում, դա մաքրման ձև է, չի կարելի ասել՝ դե, այսպես եղել է, թող շարունակի լինել»:

Լրագրողների հարցին, թե արդյոք չի՞ ստացվում, որ ԲՈԿ-ը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի դեմ «կոմպրոմատ» է տվել, Սմբատ Գոգյանը պատասխանեց, որ իրենք «կոմպրոմատ» չեն տալիս, բայց երբ գալիս են, ուսումնասիրում ատենախոսությունն ու ճշմարիտ  հայտարարություն անում, ինքը դա ժխտել չի կարող:

Նյութի աղբյուր՝ 168.am