ՀԱՊԿ-ում առանց բոլորի համաձայնության նոր երկիր չի կարող ներգրավվել

Այս պահի դրությամբ Ադրբեջանը որևէ կերպ չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

«Այս պահի դրությամբ Ադրբեջանը որևէ կերպ չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով», – ասել է Հաջիևը:

Օրերս Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, թե Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդ դառնա: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն էլ նշել է, թե ՀԱՊԿ-ի դռները ոչ մեկի համար փակ չեն, սակայն որոշումները կայացվում են կոնսենսուսով:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հիշեցրել է, գոյություն ունի ՀԱՊԿ կանոնադրություն, որը հստակ սահմանում է գործընկերոջ և դիտորդի համար հատուկ պահանջներ: Ըստ այդ պահանջների՝ ՀԱՊԿ անդամ որևէ պետության անհամաձայնության դեպքում ոչ մի երկիր չի կարող ձեռք բերել գործընկերոջ կամ դիտորդի կարգավիճակ: