Բնապահպանը նախազգուշացնում է. արջի հետ խնդիր ունենք

Սա նրանց տունն է և մեր երկիրը ունի հարուստ կենդանական աշխարհ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակից Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արջի դեպքի հետ կապված մի քանի դիտարկում

1. Երբ այցելում եք վայրի բնություն պետք է գիտակցեք, որ դա ապրելավայր է խոշոր կաթնասունների համար, այդ թվում գիշատիչների, որոնք կարող են վտանգավոր լինել մարդու կյանքի և առողջության համար: Սա նրանց տունն է և մեր երկիրը ունի հարուստ կենդանական աշխարհ:

2. Եթե մեկ շաբաթ առաջ ասեի, որ պետք է քայլարշավորդներին/այցելուներին տեղեկացնել, որ հատուկ սպրեյեր կան արջերի դեմ, որ նման վայրեր այցելողները կարող են իրենց հետ ունենալ, տեղադրել տեղեկատվական ցուցանակներ վայրի կենդանիների առկայության և դրանց տեսնելու դեպքում անհրաժեշտ քայլերի մասին, ապա շատերը կասեին մեր մոտ էտ խնդիրը չկա, ու՞ր է: Հավատացեք, որ նույն խնդիրը ունենալու ենք հատկապես Վայոց Ձորում և գրեթե բոլոր այլ մարզերում: Վտանգավոր կարող է լինել նույնիսկ վայրի խոզը: Իմ փորձից գիտեմ, թե արջի, թե խոզի հետ մոտիկից ծանոթության փորձառությունը:

3. Արջը մարդու վրա հարձակվում է շատ հազվադեպ: Հիմնականում, երբ ձագերի հետ է և ցանկանում է նրանց պաշտպանել, երբ վիրավոր է կամ էլ սադրանք է եղել մարդու կողմից: Հազվադեպ լինում են նաև ագրեսիվ առանձնյակներ, որոնց պահվածքը անկանխատեսելի է: Չգիտեմ սա, որ դեպքն էր: Կարևոր է, որ հետևություններ անենք և քայլեր ձեռնարկենք այցելուների տեղեկացվածության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

4. Մենք պետք է սովորենք վայրի կենդանիների հետ համակեցությանը: Հույս ունենանք, որ այս դեպքը կսթափեցնի մեզ և կխթանի այս ուղղությամբ իրական քայլերի իրականացումը»: