Փաշինյանը ընտանիքի հետ Սևանում է, գնա, դիմի, թող օգնեն

Հիմա ես էս պահին ջրի մեջ եմ ապրում, գոմն ամբողջ ջուր ա, իմ էրեխեն յոթ անգամ թոքաբորբով հիվանդացել է․․.

Ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի Ցամաքաբերդ գյուղի գոմերից մեկում  ապրում է մի աղքատ ու անառողջ 39-ամյա կին՝ Համեստ Հախումյանն իր 16 և 8-ամյա տղաների հետ։ Բողոքելով գոմում դառը կյանքից՝ կինը պարբերարաբար խնդրում էր, որ իրեն «Սուր անկյուն գցենք», միգուցե ինչ-որ բարերար լսի իրենց մասին, տեսնի, օգնության ձեռք մեկնի։

«Ապրում ենք ուրիշի գոմի մեջ, սաղ բետոն, հողերի մեջ, գոմում ծաղիկներ են աճում, խոնավություն, ցուրտ, ոչ մի բան չունենք․․․Ինձ հետաքրքրում է, որ գլխիս վերևը մի ծածկ լինի, իմ էրեխեն էլ թող գնա, հայ ազգի համար բարի ծառայություն անի, ուղղակի օգնեն` մի կռիշ ունենամ, իմ էրեխեն գոնե ինչ-որ մի տաք տեղ, մի անկյուն ունենա, գոնե քնի»,-ասել էր կինը, որը սրտի հիվանդություն ունի, աշխատել չի կարող։

Կնոջ խնդրանքների պատճառով զանգահարել էի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և հարցրել, թե ինչ է անում պետությունը՝ մարզպետարանը կնոջը ինչ-որ մի բանով օգնելու, մի ծածկ տալու համար։ Մարզպետն էլ շնորհակալություն էր հայտնել զանգի համար և խոստացել զբաղվել այդ հարցով․ «Մենք հիմա նորից կնայենք իր հետ կապված, տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,-ասել էր մարզպետը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը ընտանիքով Սևանում էր՝ ձկան փառատոնի, ջերմ արևոտ օր էր, մոտակայքում գտնվող զբոսաշրջիկները Քոչարի էին պարում, Փաշինյանի հետ խնդրեցին լուսանկարվել, մի սևանցի կին էլ դիմեց Փաշինյանի դստերը՝ Արփի ջան, ո՞նց ես, սիրո՜ւնս։ Մարզպետ Սանոսյանն էլ կողքից  քայլում էր, ժպտում։ Հիշեցի Համեստի մասին և զանգահարեցի, տեսնեմ՝ կնոջն ինչո՞վ են օգնել։ Պատասխանը՝ ոչ մի բան էլ չեն արել։ Չեն էլ զանգե՞լ։«Չէ, ոչ մի բան, մեզ ոչ մի զանգ չի եկել, մենակ քաղաքապետարանից են զանգել Փարոսի համար»։

Կնոջը տեղեկացրեցի, որ այսօր Փաշինյանը ընտանիքի հետ Սևանում է, մինչև 20․00 -ն, գնա, դիմի, ասաց․ « Ես գնամ ինչ անեմ, իրենք բոլորը տեղյակ են, գնում ես 15-20 հազար են տալիս, ասում են՝ մեկ էլ 6 ամիսը մեկ․․․ ես 20 հազարով ինչ կարող եմ անել, բնակարան չունեմ, ոչ վառելիք կարամ առնեմ․․․ գոմի մեջ եմ ապրում, գիտեմ, որ հանրակացարանում սենյակներ կան՝ փակ են, պատուհաններն էլ կոտրած, ասում եմ՝ ինչ կլինի՝ թողեք գնամ ապրեմ, մեկ ա՝ փակ ա դուռը, օգնեք, հիմա ես էս պահին ջրի մեջ եմ ապրում, գոմն ամբողջ ջուր ա, իմ էրեխեն յոթ անգամ թոքաբորբով հիվանդացել է․․»։ 

Կինը հայտարարեց, որ շուտով որդու զորակոչի ժամանակն է՝ չի թողնելու, որ տանեն։

«Ես չեմ թողնի, որ տանեն, եթե իմ էրեխեն ջրի մեջ է ապրում, ոչ ոք չի տեսնում սա, ոչ ոք չի օգնում, ինչո՞ւ պետք է թողնեմ, որ ծառայի»։ 

hraparak.am