Նիկոլ Փաշինյանը հասավ բանկերին

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախատեսում է, որ իրավապահ մարմիններին առանձին դեպքերում հնարավորություն կտրվի ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման

Ինստիտուտների և կայացած համակարգերի կազմաքանդումը կարծես առանձնակի հրճվանք է պատճառում հեղափոխական իշխանությանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ Նիկոլ Փաշինյանը որոշել է պայթեցնել Հայաստանի բանկային համակարգը: Կառավարության սեպտեմբերի 13-ի նիստում հավանություն տրվեց մի օրենսդրական նախագծի, որն ուղղակիորեն կարող է փլուզել բանկային համակարգը: Օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախատեսում է, որ իրավապահ մարմիններին առանձին դեպքերում հնարավորություն կտրվի ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման:

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ։ Խնդիրն, ըստ նրա, այն է, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին, և հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին:

«Նախագծով հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց՝ ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները եւս հասանելի կդառնան իրավապահների համար, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձինք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությանը»,- նշել է փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս նախագծի ընդունումը դիտարկել է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում. «Մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում, որովհետեւ կիսապայքարն ընդունելի չէ: Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի ձեւով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձեւակերպված է եղել ուրիշի անունով, որի հետ կապված իրավական խնդիրներ չկան։ Գույքը վաճառվել է եւ գումարը Հայաստանից դուրս է հանվել։ Սա տեղի է ունեցել օրենսդրությամբ առկա սահմանափակումների պատճառով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Առանց դատարանի որոշման, միայն քննիչի միջնորդությամբ մարդու բանկային տվյալները քրեական գործում ներգրավելը չափազանց վտանգավոր և խսիտ ռիոկային քայլ է: Նման նախագիծը խուճապի կմատնի բոլոր փողատերերին, բոլոր նրանց, ովքեր բանկային ավանդներ ունեն: Սա անուղղակիորեն նշանակում է, որ բոլոր փող ունեցողները ստիպված են լինելու դատարաններում ապացուցել իրենց փողի ծագման աղբյուրը, որը տիպիկ բոլշևիկյան մոտեցում է: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ բանկային կապիտալը շատ մեծ արագությամնբ կսկսի Հայաստանից դուրս հոսել: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր Հայաստանում փող ունեն, դրանք ուղղակի կտեղափոխեն այլ երկրների բանկեր` ավելորդ խնդիրների մեջ չհայտնվելու համար:
Կենտրոնական բանկը կառավարության նիստի հենց հաջորդ օրը, թերևս հասկանալով, թե ինչ կարող է հաջորդել այսպիսի խայտառակ նախագծխի ընդունմանը, շտապել է հայտարարություն տարածել` սրբագրելով կառավարության ղեկավարին: ԿԲ-ն հավաստիացրել է, որ առանց դատարանի որոշման, որևէ մեկի բանկային և ֆինանսական տվյալները չեն կարող հասանելի լինել: Բայց հայտարարությունը իհարկե քիչ է, պետք է սպասել, թե ինչ տեսքով է ընդունվելու օրենքը:

hayeli.am

Հայկ Դավթյան