Հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը

Երեխան խանութ գնալուց չէր նկատել մեքենան, ինչի հետևանքով տեղի էր ունեցել դեպքը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է.

«Շաբաթն ամփոփում ենք հերթական բարի ու լավ լուրով: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը:

Oգոստոսի 27–ին վրաերթ էր տեղի ունեցել Աշտարակում: Երեխան խանութ գնալուց չէր նկատել մեքենան, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ցավալի դեպքը։ Վարորդը փախուստի չէր դիմել, հենց իր մեքենայով էլ երեխային հասցրել էր Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երեխայի մոտ ախտորոշվել էր ներքին արյունահոսություն, թե կրծքավանդակի և թե որովայնի խոռոչում, որը պայմանավորված էր լյարդի մեծ վնասումով, ինչպես նաև երիկամի ու ստոծանու վնասումով։ Տղան անմիջապես վիրահատվել էր։

«Մենք շատ ոգևորված ենք, ապշած ենք, որ հաջողվեց նմանատիպ զուգակցված տրավմայով՝ արյունահոսության պարագայում փրկել երեխային»,- պատմում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

«Մենք և բժիշկները զարմացել էինք, որ այդքան շուտ դրական փոփոխություն եղավ նրա մոտ»,– պատմում է երեխայի հայրը։

Այսօր արդեն Գրիգորը դուրս գրվեց հիվանդանոցից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»: