Իջևանի քաղաքապետի ԺՊ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի քավորը

Շուտով պաշտոնական հաղորդագրություն կլինի

Շուտով պաշտոնական հաղորդագրություն կլինի, այո, Իջևանի քաղաքապետ է նշանակվելու Հայկ Ղալումյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով Hraparak.am-ի տեղեկությանն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը նշանակել է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

«Այս պահի դրությամբ կարող եմ միայն այդքանը ասել»,- նշեց  մարզպետը:

Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է ներկայացրել սեպտեմբերի 6-ին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։