Մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ. Արարատ Միրզոյան

Ես եմ եղել մեկը նրանցից, որ ասել եմ՝ ձեր էն առաջարկած մոդելն անընդունելի է, այս տարբերակը միանգամայն ընդունելի է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կարևոր փոփոխություն է առաջարկում ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ:

«Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Անկեղծ լինենք, ճիշտ հասկանանք: Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել էր, և մենք դեմ ենք եղել: Ինչո՞ւ: Քանի որ այն ժամանակ առաջարկվում էր, որ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը նախարարներ լինեն, լինեն կառավարության անդամ, հարցուպատասխանի ժամանակ գան այստեղ, նստեն, որ իրենց հարցեր ուղղվեն»,- ասաց նա:

Միրզոյանը հիշեցրեց՝ իրենք դեմ էին երկու պատճառով, նշում էին՝ եթե վերահսկողությունն  ու հաշվետվողականությունն է պատճառը, հազար ու մի գործիք կա, եթե հարցը նրանց՝ չորեքշաբթի օրը խորհրդարան գալն է, կարելի է կարգը փոխել: Այդ փոփոխությանը չհամաձայնելու մեկ պատճառ էլ է եղել: ԱԺ նախագահը նշեց՝ չէին ցանկանում, որ այդ պաշտոնները լինեն քաղաքական:

«Մեր պետությունն ունի վատ փորձ, եկեք անկեղծ լինենք, ունենք մի քանի չստացված փորձ, երբ քաղաքական գործիչները ղեկավարել են Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը, և արդյունքում այնքան էլ լավ բան չի ստացվել, նրանք ձեռք են բերել այնքան մեծ կշիռ, որ ոչ բնական ձևով ազդել են քաղաքական պրոցեսների վրա»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հայտնեց՝ իրենք բաց են քննարկման համար, այս տարբերակը, որ բերել են, և հատկապես փաստարկները, որ ներկայացրեց նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանը, այդ տարբերակն ընդունելի է, և փաստարկներն անխոցելի էին:

«Ես եմ եղել մեկը նրանցից, որ ասել եմ՝ ձեր էն առաջարկած մոդելն անընդունելի է, այս տարբերակը միանգամայն ընդունելի է: Քաղաքական պատասխանատվություն դնելու հարց է, մենք այդ մարտահրավերը պիտի դնենք, եթե պատասխանատու ենք առողջապահության համար, ինչո՞ւ պիտի չլինենք ոստիկանության համար: Չէ, մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը մոդելի մասին է, ու ինքն ամենևին նպատակ չունի գործող ոստիկանապետին նսեմացնելու: