Մինչեւ վերջ պայքարելու եմ, նույնիսկ անձնական վրեժ կլուծեմ

Սոնա Աղեկյանը ցույց տվեց վնասված ձեռքը

Իմ դեմ հարուցվել է շինծու քրեական գործ, որի նպատակը քաղաքապետարանի դեմ ակցիա անողներին լռեցնելն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը:

Նա հիշեցրեց, որ երբ բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց, իրենցից 8-ին բերման են ենթարկել եւ անմիջապես հարուցվել է քրեական գործ, եւ սահմանափակված է իրենց տեղաշարժի իրավունքը:

Նրա խոսքով, քրգործի հիմքում այն է, որ իրենք աղբը լցնելով քաղաքապետարանի առջեւ, քաղաքապետարանի աշխատանքը 15 րոպեով խաթարվել է: Աղեկյանը հակադարձեց՝ ասելով, որ քաղաքապետարանն ունի 3 մուտք, կարող էին մյուս երկու մուտքերով աշխատել:

«Ակցիաներից մեկի ժամանակ քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանի կողմից հնչեցվեցին հայհոյախառն արտահայտություններ, օգտագործելով բոլոր բառերը մինչեւ վերջ: Այդ ամենը ոստիկանությունը չնկատեց, որովհետեւ դա նրանց ձեռնտու չէր: Պետք չէր նկատել, որ պաշտոնատար անձը, որը անգործության համար բազմիցս պարեւավճարներ է ստացել, կարող է հայոհել ակցիայի խաղաղ մասնակիցներին:

Այն գարշահոտությունը, որ ես տարել էի, որ ինքն ու պարոն Մարությանը շնչեն, անմիջապես ագրեսիվություն դրսեւորեց եւ թափեց, որովհետեւ գարշահոտությանն ինքն էլ չդիմացավ եւ վնասեց ձեռքս: Պարզվեց, որ լուրջ մկանային խնդիրներ կան, բայց ոստիկանությունը որոշեց այդ գործը կարճել: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, նույնիսկ անձնական վրեժ կլուծեմ»:

Սոնա Աղեկյանը հայտնեց, որ սպառնում են իրեն սպանել: «Ոստիկանության կենտրոնական բաժնում էի գտնվում եւ արդեն վերադառնում էի, որ նստեցի մեքենա, նկատեցի մի անձնավորության, ով հանդիսանում է Կենտրոնական ոստիկանության բաժանմունքի հետեւում գտնվող աղբակույտի բնակիչ, հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակից, այս անձը հեռախոսով մոտեցավ մեր մեքենային եւ սկսեց նկարել մեքենան` տարբեր ուղղություններից, նկարում էր ինձ: Ես լսեցի նրա հեռախոսազանգը, ինչը բառացի կրկնում եմ`«երկու կոպեկի հարց է ընդամենը, քաղաքապետարանի զիբիլը նկարողը բռիս մեջ է, անձամբ իմ ձեռքերով պատրաստ եմ սպանել, երկու կոպեկի հարցը լուծել»,-պատմեց նա:

Սոնա Աղեկյան ասաց, որ տեսաձայնագրել է, որ անձը չի հերքում՝ պատրաստ է սպանել իրեն երկու կոպեկի դիմաց: