«Թող Փաշինյանն ամբողջ թուքումուրն ուտի, իսկ մենք զբաղվենք մեր «լայքերով» եւ «սրտիկներով». «Առավոտ»

ՀՀՇ-ն նույնպես իշխանության էր եկել փողոցային պայքարի արդյունքում՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները պարզապես ամրագրել էին այդ պայքարի արդյունքները

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանական թիմի դիլետանտիզմի մասին, եւ այդ խոսակցությունների մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա: Ամբողջական չէ, իմ կարծիքով, բացատրությունը՝ «դե, ինչ էիք ուզում փողոցային պայքարողներից»:

ՀՀՇ-ն նույնպես իշխանության էր եկել փողոցային պայքարի արդյունքում՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները պարզապես ամրագրել էին այդ պայքարի արդյունքները: Բայց տեսեք, թե ովքեր էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները 1988 թվականին՝ նշանավոր ռադիոֆիզիկոս Ռաֆայել Ղազարյանը ԳԱ թղթակից անդամ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ գիտությունների դոկտոր, Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը գիտությունների թեկնածուներ էին եւ ԵՊՀ դոցենտներ: Նրանք, ովքեր 1988-1990 թվականների հեղափոխությունից հետո ընդգրկվեցին Տեր-Պետրոսյանի թիմում, նույնպես խորհրդային շրջանում ինչ-որ բանի հասել էին:

Իհարկե, դուք կասեք՝ «ի՞նչ մեծ բան էին խորհրդային ԲՈՀ-ի կողմից տրվող գիտական աստիճանները»: Գուցե մի բան չէին: Բայց, համաձայնեք, առնվազն 3 տարի ինչ-որ մի թեմայի վրա աշխատելը դաստիարակում է մտքի որոշակի կարգապահություն, համակարգված մտածողություն, գոնե այդ ընթացքում որեւէ նոր բան իմանալու անհրաժեշտություն:

Վերջին հանգամանքը, կարծում եմ, շատ կարեւոր է. լուսահոգի Էդուարդ Եգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս էր, բայց իր վրա այնքան էր աշխատել, որ դարձել էր պետական իրավունքի մեր լավագույն մասնագետներից մեկը:

Իշխանության եկած այսօրվա երիտասարդների՝ պատգամավորների, նախարարների մեծ մասին ես հավանում եմ, նրանցից շատերն ինձ համար ավելի համակրելի են, քան 1988-ի հեղափոխականները: Բայց նախ՝ այդ երիտասարդները մեծացել են կրթության բոլորովին այլ, իմ կարծիքով՝ ավելի ցածր որակի պայմաններում: Երկրորդ՝ միայն փողոցներ փակելը եւ ինչ-որ մեկին մերժելը հերիք էր, պարզվում է, հեղափոխություն անելու, բայց դա խիստ անբավարար է՝ պետության ղեկը ստանձնելու համար:

Եվ վերջապես՝ անգամ նախագահական կամ կիսանախագահական համակարգերի դեպքում արդարացված չէ ամբողջ պատասխանատվությունը դնել առաջին դեմքի վրա, իսկ մենք հիմա, կարծես թե, խորհրդարանական հանրապետություն ենք: Այնպես որ ինձ հասկանալի չէ այն տրամաբանությունը, թե՝ «թող Փաշինյանը վիճելի որոշումների դեպքում ամբողջ թուքումուրն ուտի, իսկ մենք զբաղվենք մեր «լայքերով» եւ «սրտիկներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում