Ներեցեք, պարո՛ն վարչապետ, սա շատ վտանգավոր կարող է լինել. Մհեր Գրիգորյանը՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին

Կառավարությունն այսօր հերթական նիստին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը

Կառավարությունն այսօր հերթական նիստին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները`կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: «Մատչելի դարձնել, մասնավորապես, հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց, օրինակ, ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձիք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությունից»,-ասաց նա:

Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: «Այս կարգավորումը վերաբերում է կոնկրետ հանցակազմերին, ոչ բոլոր դեպքերին»,-պարզաբանեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թեման երկար և բարդ քննարկվել է և առկա են եղել բազմաթիվ մտավախություններ: «Մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում, որովհետև կիսապայքարն ընդունելի չէ: Ես կոնկրետ ասեմ, որ այս ընթացքում մենք ունեցել են դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի ձևով ձեռքբերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է եղել ուրիշի անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական «պրետենզիաներ» չկան, այդ գույքը վաճառվել է և իմացել ենք, որ այդ գույքի գումարը ՀՀ-ից հանվել է դուրս»,-ասաց նա և նշեց, որ դա իմացել են, սակայն օրենսդրությամբ առկա են սահմանափակումներ այդ ամենը կանխելու համար:

«Կա՛մ մենք պետք է  կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, կա՛մ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չեն անելու: Նա նշեց, որ սա կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, թե ստացվում է, որ նպաստում են գործարքի կանխիկ կատարմանը, իսկ վարչապետն ասաց, որ դրան շատ պարզ բացահայտում կա. պետավտոտեսչությունը կանգնեցնում է այն բեռնատարը, որով տեղափոխվում է այդ գումարը, իսկ եթե բազմոցի տակ պահած է, դա ավելի հեշտ է. կարելի է գնալ և խուզարկությամբ գտնել:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ չի կարծում, թե սրա արդյունքում կսկսեն կանխիկն ավելի շատ կիրառել: «Մենք նախորդ տարվանից սահմանել ենք կանխիկ գործարքների սահմանափակում, իսկ պաշտոնատար անձանց համար ավելի ցածր շեմ է սահմանված»,- ասաց նա և պարզաբանեց, որ այս փոփոխությունը ընդամենն այն է, որ կասկածյալից բացի բանկային գաղտնիքը կարող են ստանալ կասկածյալի հետ փոխկապակցած մարդկանց:

Շարունակելով ներկայացնել իր մտահոգությունը՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Կներեք, պարո՛ն վարչապետ, բայց մինչև վերջ պետք է փորձեմ այնպես անել, որ զգույշ լինենք, որովհետև շատ վտանգավոր կարող է լինել»,-ասաց նա։

Վարչապետը նշեց, որ այսպես, թե այնպես զգույշ են, որից հետո Գրիգորյանն արձագանքեց. «Մի քիչ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հռետորիկան չի վկայում, որ զգույշ ենք, որովհետև կա 15 հոդված բանկային գաղտնիքի մասին, որը հստակ նկարագրում է, որ հարակից տեղեկությունը համարվում է այլ հաճախորդի մասին տեղեկություն»,-ասաց նա և նշեց, որ իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ պետք  է զգույշ լինել, քանի որ սրա նպատակը իրավապահ մարմինների աշխատանքը հեշտացնելը չէ:

«Իրավապահները պետք է աշխատեն ըստ սուբյեկտների, ոչ թե մի սուբյեկտով մի հատ տեղեկատվական «բուկետ» վերցնեն և սկսեն սարքել քրեական գործերի շարան»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանը նշեց նաև, որ գաղտնալսման համար որոշակի ընթացակարգ պետք է պահպանել: «Եթե ինձ չեք ուզում գաղտնալսել, իսկ մեկ այլին ուզում եք, կամ իրավական պրոցեսը այնպես չէ, որ ինձ կարելի է գաղտնալսել, թող մեկը ինձ պատասխանի՝ ինչ իրավունք ունեն ինձ գաղտնալսել»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ դրա ամբողջ իմաստն այն է, որ իմանան, թե գաղտնալսողը ում և ինչ է ասում: «Հակառակ դեպքում, հո գեղագիտական հաճույքի համար չենք գաղտնալսում»,-ասաց նա:

Մհեր Գրիգորյանն ասաց, որ գաղտնալսումը պետք է լինի ծայրահեղ և բարդ իրավական գործընթաց: Նա նշեց, որ եթե գաղտնալսումը, հենց այնպես, որպես ապացույց ներկայացնեն, բոլոր գործերը կգնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և կպարտվենք: Վարչապետը նկատեց. «Ձեր ասածը մի երկրում, որտեղ վարչապետի և ԱԱԾ տնօրենի խոսակցությունը գաղտնալսում են, շատ փիլիսոփայական է հնչում»:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ փոխվարչապետի մտահոգությունը հասկանալի է և կատակով նշեց. «Եթե, օրինակ, Բեն Լադենը գնար մի տեղ և ինչ-որ ճաշարանում ճաշ պատվիրեր, ուտեր, դա չի նշանակում, որ մնացած հաճախորդների հաշիվները պետք է բացվեին»:

   ՀեղինակԼիանա Առաքելյան