Իշխանության կորուստը սկսվում է հենց այստեղից. Սամվել Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանն էլ նույնն անում է վիճակագրորեն. «հավատացե՛ք ձեր սմարթֆոնի էկրանին ու հեռուստացույցին, ոչ թե` սառնարանին. դուք ավելի լավ եք ապրում»

Սամվել Ֆարմանյանն իր էջում գրում է.

«Հայկ Մարությանն, ըստ էության, երևանցիներին բացեիբաց հորդորում է. «հավատացե՛ք ձեր ականջներին, ոչ թե աչքերին. աղբահանության խնդիրը լուծված է»:

Նիկոլ Փաշինյանն էլ նույնն անում է վիճակագրորեն. «հավատացե՛ք ձեր սմարթֆոնի էկրանին ու հեռուստացույցին, ոչ թե` սառնարանին. դուք ավելի լավ եք ապրում»:

Ու իրական, մեծ խնդիրն էլ դա է` ոչ թե խնդիրների առկայությունը, այլ դրանց գոյության գնալով էլ ավելի աղճատվող ընկալումը: Հենց այսպես են իշխանությունները քայլ առ քայլ կտրվում իրականությունից ու կորցնում նրա զարկերակը: Իսկ իշխանության կորուստը սկսվում է հենց այդտեղից: Այդպես է քաղաքականության ու աշխարհի բանը: Սկզբում դու իրականությունն աղճատում ես պահի քաղաքական նպատակահարմարությունից ու քո քաղաքական շահերից ելնելով, հետո արդեն մի պահ հասկանում ես, որ այդ` քո իսկ երևակայության մեջ, քո իսկ կողմից աղճատված իրականությունում ապրելն ու կառավարելը շատ ավելի հեշտ ու նախընտրելի է:

Ու խորանում է գիտակցված փախուստը իրականությունից` դեպի երևակայական իրականություն, որտեղ «աղբահանության խնդիրը լուծված է», իսկ «մարդիկ ավելի լավ են ապրում»` մինչև այն պահը, երբ իրականությունը իր ճիշտ ժամանակին կամ մի քիչ էլ ուշացած հայելու նման կանգնում է դեմ հանդիման ու պահանջում վճարել հաշիվը»: