Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան. դեսպան

Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից, այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք

ՀՀ-ում ՌԴ դեսպան  Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՌԴ-ում գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ հարցին:

«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված խոսքն իրավական գործընթացների մասին է` համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված»:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում՝ դեսպան Կոպիրկինը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին. «Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը կամ կան այլ հարցեր»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ ուղե՞րձ է նոր իշխանություններին՝ դեսպանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են:

«Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից, այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք»,- եզրափակեց նա: