Ամուլսարի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ հասարակությունը կարող է չվստահել իշխանության առանձին անդամների, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է

Ամուլսարի հանքավայրի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ  զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե ջերմուկցիների համար մեր բացատրությունները կլինեն անընդունելի կամ հասարակության լայն շրջանակների համար լինեն անընդունելի, ապա դա ունի շատ հասարակ լուծում։ Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության և ըստ այդմ՝ անել հաջորդ քայլերը։ Եթե, ենթադրենք, հանրաքվեի արդյունքով հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է։ Եվ կհայտնվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք։ Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկատարի»,- մանրամասնեց Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը վստահ է, որ հասարակության կողմից իշխանության նկատմամբ վստահությունը բավականին բարձր է։ Նրա կարծիքով՝ հասարակությունը կարող է  չվստահել իշխանության առանձին անդամների, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է։

«Կարող է անվստահությամբ լցվել իմ նկատմամբ, որևէ մարզպետի կամ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր, հետևաբար, ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի։ Բայց դա քաղաքակիրթ լուծումն է, որ բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի ամենաբարձր աստիճանը»,- եզրափակեց Հովիկ Աղազարյանը։