Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ԵՄ-ի հետ համաձայնության կարող են հասնել մինչև հոկտեմբերի 18-ը

Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն իռլանդացի գործընկեր Լեո Վարադքարի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրել է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ի հետ համաձայնության կարող է հասնել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ը, գրում է РИА Новости-ն:

Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին: ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Վարչապետ Ջոնսոնը հավաստիացնում է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը:

«Կարծում եմ` ժամանակն է հարգանք դրսևորելու մեր նախնիների ձեռքբերումների հանդեպ, որոնք ավելի լուրջ խնդիրներ են լուծել: Չեմ կարող ասել, որ մեզ կհաջողվի դա անել հենց այսօր, սակայն հավատացած եմ, որ հնարավոր է համաձայնություն ձեռք բերել մինչև հոկտեմբերի 18-ը: Եկեք փորձենք միասին իրականություն դարձնել այն»,- ասել է Ջոնսոնը:

Ջոնսոնը կտրուկ դեմ է Brexit-ի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ից ավելի ուշ ժամանակահատվածի տեղափոխելուն: Բրիտանացի խորհրդարանականներն արտահերթ կարգով օրինագիծ են ընդունել, ըստ որի վարչապետը ստիպված կլինի մինչև հոկտեմբերի 19-ը համաձայնության բացակայության դեպքում դիմել ԵՄ-ին՝ ժամկետը երկարաձգելու խնդրանքով: