Ատամների խնամք հղիության ընթացքում

Ատամնաբույժի խորհուրդները

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը տարբեր «փորձությունների» է ենթարկվում: Կնոջ կյանքի այդ շրջանն ազդում է նաեւ ատամների վրա: Մանրամասների համար դիմել ենք ատամնաբույժ Անի Կարապետյանին:

«Չորրորդ-հինգերորդ ամսում պտղի մոտ սկսում են ձեւավորվել ատամերի հիմքերը: Այդ կարող է անմիջականորեն ազդել մոր վրա, ակտիվացնել կարիեսի զարգացումը: Գործընթացն ուժեղանում է, երբ սկսում է ձեւավորվել երեխայի կմախքը: Այս ամենը վկայում է այն մասին, որ հղիության 9 ամսվա ընթացքում չի կարելի ուշադրությունը նվազեցնել ատամների եւ ընդհանրապես ամբողջ օրգանիզմի առողջության նկատմամբ:

Եթե մինչեւ հղիությունն ատամներին բավարար չափով ուշադրություն չի հատկացվել, կարող են կարիեսի խոռոչներ առաջանալ: Հիմնական վտանգն այն է, որ դրա հետեւանքով կարող է խրոնիկ վարակ առաջանալ: Եթե կնոջ ատամները նաեւ վնասված են, մեծ է հավանականությունը, որ նրա օրգանիզմում ստաֆիլոկոկ կա: Մանրէները հայտնվում են օրգանիզմի տարբեր համակարգերում, այդ թվում՝ կրծքի կաթի մեջ: Այս ամենը, իհարկե, անդրադառնում է նաեւ երեխայի առողջության վրա: Հղիություն ծրագրելուց առաջ ապագա մայրն անպայման պետք է դիմի ատամնաբույժի՝ բերանի խոռոչն ամբողջությամբ առողջացնելու համար:

Հղիության առաջին եւ երկրորդ եռամսյակում կինն ու պտուղը սուր կերպով զգում են ցանկացած փոփոխություն: Իսկ քանի որ շատերի համար ատամնաբույժի դիմելը որոշակի սթրես է, լավագույն ժամանակահատվածը երկրորդ եռամսյակն է, երբ կինն առավել կայուն վիճակում է:

Հղիության ընթացքում պետք է հրաժարվել ռենտգենից: Հատուկ այդ դեպքերի համար հատուկ սարքավորում կա՝ վիզիոգրաֆ: Իսկ եթե ռենտգենն անհրաժեշտությունը է, չմոռանաք կապարե գոգնոց գործածել, որը կօգնի պաշտպանվել ճառագայթումից»: