Իրանական գազի ներմուծումը կրճատվել է, ռուսականը` ավելացել

Նախորդ տարվա 940 մլն խոր մետրի դիմաց այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան է բերվել 1 մլրդ 16 մլն խոր. մետր գազ
գազի ներմուծում

Իշխանափոխությունից հետո հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն այնքան էլ լավ օրեր չեն ապրում։ Չնայած ժամանակին հնչեցրած մեղադրանքներին, այնուհանդերձ նոր իշխանություններն այդպես էլ իրանական «էժան» գազը չկարողացան բերել Հայաստան։

Իրավիճակը ոչնչով չփոխվեց նաև Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցից հետո։ Ընդհակառակը` այս տարի մի բան էլ կրճատվել է գազի դիմաց էլեկտրաէներգիա ծրագրով իրանական վառելիքի ներմուծումը։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի առաջին վեց ամիսներին Իրանից Հայաստան է մատակարարվել շուրջ 188 մլն խոր. մետր կապույտ վառելիք, ինչը 35 միլիոնով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածից։ Իրանից գազի ներմուծումը, որն իրականացվում է բացառապես նշված ծրագրի շրջանակներում, կրճատվել է գրեթե 16 տոկոսով։

Փոխարենը` ռուսական գազի ներմուծումն աճել է։ Նախորդ տարվա 940 մլն խոր մետրի դիմաց այս տարվա առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան է բերվել 1 մլրդ 16 մլն խոր. մետր գազ։ Այլ կերպ ասած` այն ավելացել է 76 մլն խոր. մետրով կամ ավելի քան 8 տոկոսով։