Եթե այդտեղ կա հանցակազմ կամ որևէ նման բան, ապա պարոն Սէֆիլյանը պետք է այդ մասին տեղեկացնի պատկան մարմիններին

Ֆորսմաժորներ լինելու դեպքում հաջորդ տարի կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Ես չեմ կարողանում հասկանալ՝ ո՞րն է տրամաբանական կապը՝ որպես իրավական պետություն գործելու, միաժամանակ հաշվի առնելով բնակչության և բնապահպանական խնդիրները, այս սկզբունքով առաջ շարժվելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ քննարկելու հարցը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության նախագահ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությանը, թե ֆորսմաժորներ լինելու դեպքում հաջորդ տարի կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ըստ նրա՝ վարչապետի խոսնակն արդեն պատասխանել է Սէֆիլյանի այս հայտարարությանը. «Ավելացնելու ոչինչ չունեմ, դա տվյալ կուսակցության տեսակետն է»:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ հատուկ ծառայություններն ազդեցություն ունեն խորհրդարանի վրա, և բարդ չի լինի Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելը, Լ.Մակունցը պատասխանեց.

«Եթե խոսքը գնում է մեր վրա ազդելու մասին, ապա ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսում պարոն Սէֆիլյանը, որովհետև նման բան չկա: Եթե խոսքն այլ տիրույթում է, ոչ «Իմ քայլը» խմբակցության տիրույթում ազդեցությունների մասին է, ապա ես կարծում եմ, որ, եթե այդտեղ կա հանցակազմ կամ որևէ նման բան, այդ թվում՝ ազգային անվտանգությանը սպառնացող, ապա պարոն Սէֆիլյանը պետք է այդ մասին տեղեկացնի պատկան մարմիններին»:

Նյութի աղբյուր՝ https://168.am