Հայաստանը կլիմայական հարված է ստացել. եղանակն ավելի է ցրտելու

Չկա այնպիսի ոլորտ, որ ջերմոցային գազերի կրճատման հիմքով միջազգային ծրագրեր չիրականացվեն. սա իսկական կլիմայական հարձակում է երկիր վրա

Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների հիման վրա միջազգային բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, կոնկրետ կրճատման վերաբերյալ ծրագրերով միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ և վարկեր են ուղղվում մեր երկիր:

Ծրագրերը կյանքի են կոչվում, իսկ թե ինչպես և ինչ որակով՝ սա այլ քննվելիք հարց է: Սակայն այն, որ այդ ծրագրերի հիմքում ընկած է Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, փաստ է:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված են զգալի ծրագրերը. ծրագրերը վերաբերում են. թե՛ գյուղին, թե՛ հողին, թե՛ անտառին, թե՛ բնակավայրին, թե՛ շենքերին. կարճ ասած` այնպիսի ոլորտ չկա, որ ջերմոցային գազերի կրճատման հիմքով միջազգային ծրագրեր չիրականացվեն. սա իսկական կլիմայական հարձակում է երկիր վրա:

Ի վերջո, որքա՞ն ջերմոցային գազ է արտանետում Հայաստանը և ո՞ր միջազգային տեղական կառույցների միջոցով են փորձում կրճատել դրանք:

Analitik.am-ի համապատասխան հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Սակայն, ինչպես պարզվեց,  կոնկրետ հարցին նախարարությունից չունեն կոնկրետ պատասխան։ Երևի Շրջակա միջավայրի նախարարությունը ջերմոցային գազերի չափման, քանակների վերաբերյալ հարցադրմանը պատասխանելուց ոգեշնչվել է Կազեմիր Մալևիչի Սև քառակուսի նկարից. պարզապես հասկանում ես, որ գործը հանճարեղ է:

Պարզվում է, որ Հայաստանում ջերմոցային գազերի հիմքի վրա ստացվող միջազգային հիմնականում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված միլիոնների համար ջերմոցային գազերի հաշվարկի որևէ հիմք չկա: Դեռևս 2003-2004թթ Հայաստանը, չունենալով պարտավորություն կրճատելու ջերմոցային գազերը, ստանում է 450,00 դոլար` «Հայաստան-Կլիմայի ուսումնասիրությունը երկրում» ծրագրով:

272,600 դոլար`ՀՀ Ազգային հզորությունների կարիքների գնահատում գլոբալ բնապահպանական կառավարման համար, որի շրջանակներում նախատեսվում էր, որ կնվազեցնի ջերմոցային գազերի մակարդակը, որի մասին, իհարկե, Հայաստանին ոչ ոք չէր խնդրել: Դե փող է, աշխատել են: Եվ սա այն դեպքում, երբ ջերմոցային գազերի արտանետումների, ջերմոցային էֆեկտի վերաբերյալ տեղեկությունները նոր-նոր էին թափանցում Հայաստան, և մեր երկիրը չէր էլ կարող մաս կազմել, քանի որ արդյունաբերությունը չէր աշխատում, որ ինչ-որ բան արտանետեր և փաստացի, թույլատրելի արտանետման շեմից, որը 1990թ արտանետման քանակն էր, արդեն իսկ 74-77% իջեցված էր:

Հետագա տարիներին ևս, «հիմնվելով» չեղած ջերմոցային գազերի հաշվարկների վրա, անգամ եղած գազերի չհաշվարկների հիման վրա, Հայաստան են մտնում կամ ավելի ճիշտ` մասնավոր գրպաններ են մտնում միլիոնավոր դոլարներ, որոնք ոչ հասցե ունեին, ոչ հասցեատեր, և Հայաստանը ներքաշվում է Մաքուր զարգացման մեխանիզմենրի ծրագրի մեջ, որը նախատեսում է աղքատ երկրներում ջերմոցային գազերի կրճատման շրջանակներում գործողություններ, օրինակ ՀԷԿ-երի և այլ նման «անվտանգ» կառույցների հիմնում:

Լավ, իսկ ի՞նչ է պատասխանել ՇՄ նախարարությունը, կոնկրետ ինչպե՞ս է չափվում Հայաստանում ջերմոցային գազերը և երբվանի՞ց և ի՞նչ սարքեր են օգտագործվում կոնկրետ չափումների համար: Ոչ մի կոնկրետ պատասխան՝ միայն Մալևիչի գլուխգործոցը:

Կարելի է ենթադրել, որ որևէ սարքավորում էլ չկա, պարզապես «աչքաչափով» են աշխատում հայ կլիմայագետները: Եթե որևէ սարքավորում լինի, ապա կֆիքսի, որ առանձնապես Հայաստանը ջերմոցային գազերի արտանետումներ չունի: Երևի թե կառչել են միայն էներգետիկ ոլորտից, որը միակ ջերմոցային գազ «արտադրող» աղբյուրն է և հենց այս թիրախն էլ դարձել է հայ կլիմայագետների «դրամաշնորհային և վարկային դրոշակը»:

Ի դեպ, ՀՀ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի հաշվետվություններում ջերմոցային գազերի՝ ածխածնի երկօքսիդի, մեթանի, օզոնի, աղոտի երկօքսիդի, ֆրոնների մասին ոչ մի խոսք չկա:

Ի դեպ, գերմանացի փորձագետ Աքսել Միքայելովան Ցյուրիխում հրատարակված Մաքուր զարգացման մեխանիզմների շրջանակներում պետություննրի լիազոր պատասխանատուների կողմից հրապարակված էլեկտրաէներգետիկ համակարգի CO2 արտանետումների գործակցի հաշվարկի միջազգային ստանդրատների համապատասխանությունը գնահատման զեկույցում, ՀՀ ԲՆ-ի կողմից հրապարակված հաշվարկի վերաբերյալ, որը ի դեպ, կատարվել է ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում և պետական լիազոր մարմին այն չի կատարել, նշում է, որ հաշվարկները թափանցիկ չեն և կասկած է հայտնում ներկայացված հաշվետվության վերաբերյալ:

Ահա այսքանը: Այս կասկածելի և ոչ թափանցիկ տվյալները դարձել են մեր երկիր մուտք գործող դրամաշնորհների, ծանրագույն վարկերի համար հիմք. ավազի վրա, հայ կլիմայագետներն ամրոցներ են կառուցել, որտեղ պետությունը հիմնականում մասնակցություն չունի, իսկ ինչ պետք է լինի կասկածելի հիմքով երկիր ներթափանցած ծրագրերի հետ, ինչպես միշտ է լինում նման դեպքերում. հարստանում են կլիմայագետները, երկիրը մատնում են վարկային պարտքի, իսկ թե այդ ծրագրերի կարիք կա, թե չկա, որևէ մեկը չի քննարկում. փողը բոլոր քննարկողներին լուսավորում է:

Գոհար Ստեփանյան