ԱՄՆ-ում դպրոցական աղջկան ուսման է հրավիրել միանգամից 115 քոլեջ

Սկզբում չէի էլ մտածում, որ դրանք շատ կլինեն, բայց դրանց թիվն ավելի ու ավելի էր մեծանում

ԱՄՆ-ի բնակչուհին ուսումնառության հրավեր է ստացել միանգամից 115 քոլեջից, որոնք նրան առաջարկել են 3,7 մլն ընդհանուր գումարի տարատեսակ ուսումնական դրամաշնորհներ: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը:

18-ամյա Անտոնիետ Լավը, որն ավարտել է Նոր Օռլեանի (Լուիզիանայի նահանգ) դպրոցը, ստացել է բարձր միջին բալ (չորս հնարավորից՝ 3,7): Այս արդյունքով աղջիկը որոշել է փորձել փաստաթղթերը ներկայացնել հնարավորինս շատ քոլեջներ՝ կրթությունը շարունակելու համար: Նրա հարցմանն արձագանքել է միանգամից 115 ուսումնական հաստատություն:

«Ես պարզապես շարունակում էի ներկայացնել փաստաթղթերը: Ինձ համար հետաքրքիր էր, թե քանի ուսումնական հաստատություն դրանք կընդունի: Սկզբում չէի էլ մտածում, որ դրանք շատ կլինեն, բայց դրանց թիվն ավելի ու ավելի էր մեծանում»,- պատմել է Լավը հեռուստաալիքին:

Բացի ուսումից, նա հրապուրվում է անիմեով, տեսախաղերով, անդամակցում է խմբակների եւ հասարակական կազմակերպությունների, իսկ ազատ ժամանակ վաճառողուհի է աշխատում գալանտերեայի խանութում: Ո՛չ Լավի ծնողները, ո՛չ նրա չորս եղբայրներն ու քույրերը, որոնցից ամենակրտսերն ինքն է, չեն ստացել բարձրագույն կրթություն:

Այժմ գերազանցիկը, որը, ինչպես ճշտում է հեռուստաալիքը, երազում է ուսուցչուհի դառնալ, պետք է մինչեւ մայիսի 1-ն ընտրություն անի 115 տարբերակից: Լավի խոսքով՝ իր նախապատվությունների թվում են՝ Լուիզիանայի պետական համալսարանը, Վալպարաիսոյի համալսարանը (Ինդիանայի նահանգ) եւ Հյուսիսային Տեխասի համալսարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: