«Ադեկվադ» կուսակցության առաքելությունն է՝ առաջնորդել այն հեղափոխությունը, որն անխուսափելի է լինելու. Արթուր Դանիելյան

Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը

«Ադեկվադ» կուսակցությունը չի ստեղծվում, որ մասնակցի հերթական ընտրություններին: Մենք չենք լինելու այդ թատրոնի հերթական դերասանը, մեր դերը հանդիսատեսի ձեռքից բռնելը և թատրոնից դուրս գալն է, կուսակցության ստեղծումը մարտավարական հնարք է ընդամենը: Այս մասին այսօր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարին իր ելույթում հայտարարեց «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանը:

«Մենք այստեղ հավաքվել ենք, որ Հայաստանում գրանցենք հերթական, այս պահի դրությամբ 109-րդ կուսակցությունը: Ինչու եմ ասում՝ այս պահի դրությամբ, որովհետև օրական 2 կուսակցություն գրանցվում է վերջերս»,- ասաց նա:

Արթուր Դանիելյանի խոսքով՝ ՀՀ-ում գործող բազմաթիվ կուսակցությունների միջև մեծ տարբերություն չկա:

«Հայաստանի քաղաքական դաշտն առնվազն վերջին 30 տարվա ընթացքում եղել է բուտաֆոր, դեկորատիվ, թատրոն է եղել: «Ադեկվադ» կուսակցության դերը հենց այն է, որ ժողովրդին, մարդկանց այս ամեն ինչը հասցնենք: Այդ թատրոնում եղել են բազմաթիվ դերասաններ, դեկորացիաներ, ընդ որում, հաճախ նույն դերասանը մի քանի դեր է խաղացել՝ մեկ ՀՀՇ-ի լիբերալ էր, մեկ ՀՀԿ-ի՝ պահպանողական, հիմա, չգիտես ինչու, իմքայլական՝ առանց իզմերի: Այս բեմը կառուցվեց, երբ մենք իբր անկախացանք և իբր ընդունեցինք Սահմանադրություն»,- նշեց նա:

«Ադեկվադի» ղեկավարի խոսքով՝ հաջողություններ ունեցող երկրներում կարողացել են անել այնպես, որ երկրները ղեկավարեն արժանիքներ ունեցող մարդիկ:

«Առհասարակ վերջին 600 տարում քաղաքականությունը մեծ հաշվով թատրոն է եղել: Իմ կարծիքով՝ վերջին հեղափոխությունը աշխարհում եղել է 1440 թ., դրանից հետո իրականում հեղափոխություններ չեն եղել, եղել են թատերաբեմում տեղի ունեցող իրադարձություններ: Վստահ եմ, որ համաշխարհային նոր հեղափոխությունը անխուսափելի է, ընդ որում, տեղի է ունենալու թե Չինաստանում, որտեղ թատրոնը հասցրել են մինիմումի, և ԱՄՆ-ում, որտեղ թատրոնի պերեդոզ է: Մեր ցանկությունն է, որ այդ հեղափոխությունը սկսվի Հայաստանից, և դրա նախադրյալները կան: Հաջորդ հեղափոխությունը սկսվելու է Հայաստանից, և մարդկությունը փրկվելու է մի պրոցեսի արդյունքում, որը ստեղծվելու է Հայաստանում»,- ասաց Արթուր Դանիելյանը: