Հնարավոր է՝ նրանց ռազմական ներուժն են ուզում օգտագործել ՀՀ նախկին իշխանությունների կամ Արցախի իշխանությունների դեմ

Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյան-«Սասնա ծռեր» համագործակցության մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան-«Սասնա Ծռեր» հանդիպումը վերլուծելիս կարևոր է համարում հստակ ինֆորմացիայի վրա հիմնվելը։ Նա Tert.am-ի զրույցում նկատեց, որ հանդիպումից հետո եղել է «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե նախկին ուժերը ռևանշի են պատրաստվում, իրենք դա թույլ չեն տա։ Ստեփան Դանիելյանը շեշտեց, որ վարչապետ Փաշինյանը կամ նրա մամուլի ծառայությունը չեն հերքել Սեֆիլյանի հայտարարությունը։

«Պետք է փորձենք եզրակացություն անել, թե ինչպե՞ս թույլ չեն տալու, ի՞նչ գործողություններ են անելու «Սասնա ծռեր»-ը, որ ՀՀ-ում իշխանափոխությունը չլինի։ Ընտրությունները ցույց տվեցին, որ նրանց հավաքած ձայների տոկոսը շատ փոքր է, հանրային խոսքի կամ հանրության վրա քաղաքական գործունեությամբ ազդելու հնարավորությունները բավականին սահմանափակ են, նրանք ՀՀԿ-ից մի քանի անգամ ավելի քիչ ձայն են հավաքել»,-նկատեց Ստեփան Դանիելյանը։

Ի՞նչ է անելու «Սասնա ծռեր» կուսակցությունը հարցին ի պատասխան՝ Դանիելյանը հայտնեց իր ենթադրությունը, որ դա լինելու է զինված պաշտպանության տեսքով։ Նա չբացառեց, որ գործող իշխանությունը ֆորմալ իրավական համակարգի պաշտպանությանը կա՛մ չի վստահում, կա՛մ կարողությունները բավարար չի համարում։

«Միգուցե իշխանությունը ստիպված է ոչ ֆորմալ խմբավորման աջակցությունը ստանալ։ Սա միակ գնահատականն է, որ առաջին հայացքից միտքս է գալիս, քանի որ այլ բացատրություն այս պահին չկա։ Հանդիպումից կարող են տարբեր կարծիքներ լինել, բայց հիմնավորված կարծիքը հենվում է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության վրա, որը գործող իշխանությունը չի մերժել։ Ըստ էության՝ սա նշանակում է ոչ քաղաքական եղանակներով մտնել քաղաքական պայքարի մեջ և դաշինք կազմել, քանի որ «Սասնա Ծռեր»-ը զինված խմբավորում է, որը ռազմատենչ հայտարարություններ է արել նաև Արցախի իշխանությունների դեմ»,- նշեց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանը ենթադրում է, որ վարչապետ Փաշինյան-«Սասնա ծռեր» հատման կետն այն է, որ «Սասնա ծռեր»-ի զինված գործողություններով զսպեն Արցախի իշխանություններին կամ նույն ռազմական եղանակով պայքար մղեն նախկին իշխանությունների դեմ:

«Այլ ենթադրություն հնարավոր չէ անել, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք քիչ ընտրազանգված ունեն։ Նրանք պետության մեջ ռազմական կառույց են»,- շարունակեց Ստեփան Դանիելյանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության կորստի վտա՞նգ է տեսնում, Դանիելյանը պատասխանեց․ «Այս եզրակացությանը գալիս ենք Սեֆիլյանի հայտարարությունից, որը չեն հերքել իշխանությունները»։