Իսկական պատերազմ՝ ուղեղում. Ինչո՞ւ են մարդիկ դժվար հաղթահարում ծուլությունը

Մասնակիցները հոգեբանական թեստերի ժամանակ նախապատվություն են տվել սպորտին և ակտիվության այլ տեսակներին

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները թեստեր են անցկացրել և պարզել, թե ինչու է մարդկանց համար դժվար ակտիվ հանգիստ ընտրելը, երբ տանը մնալու և ոչինչ չանելու հնարավորություն կա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropsychologia ամսագրում:

Հետազոտողները թեստեր են անցկացրել 29 մեծահասակ մարդկանց վրա և եկել այն եզրահանգման, որ ակտիվ հանգստի օգտին ընտրության համար ուղեղը ավելի շատ ջանքերի կարիք ունի, քան բազմոցին թավալվելու օգտին:

Մասնակիցները հոգեբանական թեստերի ժամանակ նախապատվություն են տվել սպորտին և ակտիվության այլ տեսակներին: Սակայն երբ գիտնականները հետևել են գլխուղեղի կեղևի ճակատային հատվածի էլեկտրական ակտիվությանը, ապա պարզվել է, որ ուղեղին ավելի շատ ռեսուրս է պետք եղել, երբ մարդիկ որոշում են ընդունել ակտիվ հանգստի օգտին:

Ինչպես հայտնում են հետազոտողները, խոսքը ուղեղի հատվածների մասին է, որոնք պատասխանատու են սթափ դատողության և զգացմունքների համար: Երբ թեստերի մասնակիցները ստիպված էին որոշումներ ընդունել, այս հատվածների միջև «պայքար» է սկսվել:

Գիտնականները շեշտում են, որ ջանքերը նվազագույնի հասցնելու միտումը էվոլյուցիայի գործընթացում առանցքային նշանակություն է ունեցել: Ֆիզիկական ռեսուրսների խնայումը և պահպանումը մեծացրել են մարդու ապրելիության և վերարտադրման հնարավորությունները:

Հետազոտության ղեկավարներից մեկը՝ Բորիս Շևալը կարծում է, որ հիմա, հակառակը, անհրաժեշտ է խրախուսել ֆիզիկական ակտիվությունը, որ կրճատվեն «ջանքերը նվազագույնի հասցնելու ինքնաբուխ վարքագծի հնարավորությունները»:

Հիշեցնենք, որ նախկինում  Քանզասի համալսարանի գիտնականները նույնպես եկել էին էվոլյուցիայի մեջ ծուլության կարևորության եզրակացությանը: Կակղամորթների օրինակով նրանք էզրահանգոււմ էին կատարել այն մասին, որ արագացված մետաբոլիզմը և բարձր ակտիվությունը դանդաղեցնում էին տեսակների զարգացումը, գրում է  med.news.am