Հայաստանյան դիտորդական առաքելությունները պետք է կատարեն իրենց գործառույթները առանց խանգարելու ընտրական գործընթացներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը նշեց, որ ընտրությունները աննախադեպ են, թեկնածուների մեծ մասը քաղաքականության մեջ չեն եղել

Բանակը որևէ կերպ ընտրական գործընթացներին չի ներգրավվում, ինչպես միշտ՝ աննախադեպ  հավասար պայմաններում են բոլոր թեկնածուները գտնվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը:

«Ոչ մեկին, ոչ մի ցուցում չի տրվում: Ես՝ լինելով բանակային, ոչ մի առավելություն չունեմ, բացի իմ անցած ճանապարհից: Ընտրություններին բանակի ներգրավվածությունը լինելու է միայն որպես քաղաքացի՝ քաղաքացիական պարտքը կատարելու առումով»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է պրոֆեսիոնալ զինվորականը, ով Մարտական խաչ 1-ին աստիճանի մեդալակիր է, որոշել զբաղվել քաղաքականությամբ, Գրիգորի Սահակյանն ասաց, որ բանակում ունեցած 27 տարվա փորձը, հաջողությունները ցանկանում է ներդնել քաղաքի զարգացման գործում:

Նշենք, որ Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրված թեկնածու է, նրան սատարելու մասին հայտարարել են ՀՅԴ և «Սասնա Ծռեր» կուսակցությունները:

«Իմ ծրագրերը ուսումնասիրելուց հետո առաջինը արձագանքեց ՀՅԴ-ն, հրավիրեցին քննարկման, այնուհետև հայտարարեցին սատարելու մասին: «Սասնա Ծռեր»-ը քննարկումներ չեն արել, իրենք ինքնուրույն որոշում են ընդունել. ճիշտն ասած՝ օգնականն է ինձ տեղեկացրել, հետո զանգահարեցի, որոշակի պարզաբանումներ անցկացրեցի, պարզվեց՝ ծրագրերն են ուսումնասիրել, հավանության են արժանացրել»,-մանրամասնեց նա:

Գնդապետը նշեց, որ ընտրությունները աննախադեպ են, թեկնածուների մեծ մասը քաղաքականության մեջ չեն եղել:

Ինչ վերաբերում է ընտրություններին հայաստանյան կազմակերպությունների դիտորդական առաքելություն իրականացնելուն, ապա Գրիգորի Սահակյանն ասաց. «Արցախի թե՛ ԿԸՀ-ն, թե՛ նախագահությունը, թե՛ անդամները ունակ են առանց խախտումների ընտրություններ անցկացնելու: Ընդհանրապես լարվածություն, ճնշում չեմ տեսնում՝ այդ կազմակերպությունները պետք է կատարեն իրենց գործառույթները առանց խանգարելու ընտրական գործընթացներին»:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել է հինգ թեկնածու, որից չորսը՝ Արեգ Ավագյանը, Արմեն Հակոբյանը, Դավիթ Սարգսյանը և Գրիգորի Սահակյանը ինքնաառաջադրված են: «Ինքնություն և միասնություն» նորաստեղծ կուսակցությունը առաջադրել է Արայիկ Ավանիսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում