«Այդ կինն իսկապես անճոռնի է». բրազիլացի նախարարը կրկնել է Բրիջիտ Մակրոնի հասցեին նախագահի հնչեցրած վիրավորանքը

Հանգստացնելով ներկաներին՝ նախարարն ասել է, որ չկան անճոռնի կանայք, սակայն կան այնպիսի կանայք, որոնց ճիշտ անկյունից չեն նայում

Բրազիլիայի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը կրկնել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հասցեին հնչեցված վիրավորանքը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ այս մասին նախարարն արտահայտվել է Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ֆորտալեզա քաղաքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Նա հայտարարել է, որ երկրի զարգացման վերաբերյալ քննարկումներ ծավալելու փոխարեն զանգվածային լրատվամիջոցները կենտրոնացել են պետության ղեկավարի հնչեցրած արտահայտության մեկնաբանությունների վրա։ 

«Նա (Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն) իրականում ասել է ճշմարտությունը՝ այդ կինն իսկապես անճոռնի է»,- հայտարարել է Գեդեսը՝ առաջացնելով լսարանի ծիծաղը։ 

Հանգստացնելով ներկաներին՝ նախարարն ասել է, որ չկան անճոռնի կանայք, սակայն կան այնպիսի կանայք, որոնց ճիշտ անկյունից չեն նայում։ 

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը վատ էր արտահայտվել Ֆրանսիայի առաջին տիկնոջ արտաքինի հասցեին, ինչի համար հայտնվել է քննադատությունների թիրախում: