Հարգելի վարչապետ, կառավարությունը կանանց ներգրավվածությամբ չի գերազանցում նախորդներին. իրավապաշտպան

Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի վարչապետ, կառավարությունը կանանց ներգրավվածությամբ չի գերազանցում նախորդներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան տիրույթում անդրադարձել է կանանց մասնակցությանը եւ նշել, որ կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: Ապա շարունակելով թվարկումը եզրակացրել, որ այս կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին:

Հարգելի վարչապետ, նախ, կառավարությունը կանանց ներգրավվածությամբ չի գերազանցում նախկին կառավարություններին, քանի որ նախկինում եղել է, որ նախարարի պորտֆել է ունեցել միաժամանակ երեք կին, այդ թվում ՀՀ արդարադատության նախարարի պորտֆելը, որը կանանց համար ավանդականորեն ընդունված պաշտոն չէ։

Բայց խնդիրն այն չէ, որ մենք այժմ անընդհատ հետ նայենք ու համեմատվենք, ասնեք, թե ինչ վատն էին նախորդներն ու ինչ լավն ենք մենք։ Այլ փորձենք առաջ գնալ ու հասկանալ, թե ինչ հարց է լուծվում կանանց ներգրավվածության բարձրացման արդյունքում, ինչպիսին են համաշխարհային ուղենիշները, նայենք, թե աշխարհը որքան առաջ է գնացել։

Այժմ ես Մոլդովայում եմ, եւ այստեղի կառավարությունում կանանց ներգրավվածությունը 50 տոկոսից ավելի է, ինչպես նաեւ խորհրդարանի ընտրացուցակներում հստակ պահանջ է ամրագրված կանանց 40 տոկոս մասնակցության, ինչը մեզ չհաջողվեց անել անգամ անցած տարի՝ թավշյա հեղափոխությունից հետո մշակված նոր ընտրական օրենսգրքի նախագծով, որն այդպես էլ մնաց որպես նախագիծ։

Եվ ամենակարեւորը․ այժմ Մոլդովայում քննարկվում է կանանց հարցն ու Մոլդովայի, Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի կառավարությունների ներկայուցիչները խոսում են իրենց երկրներում կատարված աշխատանքի մասին։ Հայաստանի կառավարությունից որեւէ մեկը ներկա չէ։ Եվ շատ լավ կլիներ, որ այս ստատուսի փոխարեն որեւէ մեկը կառավարությունից գար ու մեզ այստեղ ամոթանք չտային, որ Հայաստանն այս տարի ընտրվելով Միավորված ազգերի կազմակերպության Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ եւ 65-րդ նստաշրջանների նախագահող, արհամարհել ու կառավարության մակարդակով չի ներկայացել սուբռեգիոնալ քննարկումներին:

Եվ ինչպես կասեր Արայիկ Հարությունյանը, հիմա այս ձեր ստատուսը «մի հատ էլ անգլերեն» գրեք, միգուցե կիսվեմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որպես պաշտոնական տեսակետ»: