Եթե սա ամբողջությամբ բանդերգոլների իշխանություն չէ

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք, եթե ՀՀ ԱԳՆ-ն չկարողանա հարթել հայ-ռուսական հարաբերություններում Դանիել Իոաննիսյանի «անհաջող կատակի» հետեւանքով առաջացած այս նոր խնդիրը

Դանիել Իոաննիսյանին փոխանցեք, որ հագի փամփերսը փոխի, որովհետեւ հա՛մ լիքն է, հա՛մ էլ ինքն այն տարիքում չէ, որ կաթի հոտ գա այդ ամենից:

Հիմա էլ գրել է, թե կատակ եմ արել՝ Պուտինին բանտարկելու ցանկություն հայտնելով: Հիշեցնենք՝ նա գրել էր․ «Եթե Պուտինն ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետեւից դուռը չփակենք»։ Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլը բզել է. «Ի՞նչ ես էշ-էշ դուրս տալիս, արա…»: Իոաննիսյանը, իհարկե, կարող է հերքել, որ Նիկոլն իրեն այդպիսի բան չի ասել, բայց դրանով ո՛չ իր, ո՛չ էլ Նիկոլի վիճակը կթեթեւանա: ՀՀ ԱԳՆ-ին դրել են անելանելի վիճակի մեջ: Կարծում եմ՝ համապատասխան նոտան չի ուշանալու, եւ Մնացականյանն այդ թուղթը վերցրած՝ վազ է տալու Փաշինյանի մոտ՝ բա հիմա ես ի՞նչ անեմ: Ներողություն պետք է խնդրեք, պարոն Մնացականյան, պետք է կարողանաք Լավրովին մի կերպ համոզել, որ մեր Դանիել Իոաննիսյանը կատակ է արել: Իսկ եթե Լավրովը հարցնի՝ «ապուշ ա՞ դա», անմիջապես չասեք՝ այո: Դա ավելի կսրի իրավիճակը, քանզի Իոաննիսյանն այլեւս ավելին, է քան ինչ-որ ՀԿ-ի նախագահը: Հիմա նա ՀՀ վարչապետի ներկայացուցիչն է Արցախում, պետական այր, կարեւոր մարդ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Մի բան էլ խնդրեմ, պարոն Մնացականյան՝ հանկարծ նարկոտիկ-մարկոտիկի անուն չտաք: Ռուսները հիվանդագին են ընդունում նման բաները՝ Ստամբուլյան կոնվենցիա, գեյիզմ, ֆեմինիզմ, գարդասիլիզմ, սորոսիզմ եւ այլն: Սորոսին անձամբ փաթթած ունեն նրանք:

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք, եթե ՀՀ ԱԳՆ-ն չկարողանա հարթել հայ-ռուսական հարաբերություններում Դանիել Իոաննիսյանի «անհաջող կատակի» հետեւանքով առաջացած այս նոր խնդիրը: Կարծում եմ՝ դիցուք այս դեպքում կարելի է օրինակ վերցնել վրացիներից: Կարելի է փողոց հանել «անգրագետ պողոսների» մի մեծ խումբ եւ «դուխով» դատապարտել Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը, որ ոչ մի կերպ չի տեղավորվում էթիկայի կանոնների մեջ:

Հայհոյանք լիներ՝ դեռ կհասկանայինք, բայց Արցախում Փաշինյանի ստվերը համարվող այդ պաշտոնյան սպառնացել է բանտարկել օտար պետության ղեկավարի, բնականաբար, առանց դատ ու դատաստանի, ինչպես ընդունված է այս իշխանության ներկայացուցիչների մոտ՝ «նախ՝ կալանավորենք, հետո ցուցմունք վերցնենք»: Ավելորդ է, կարծում եմ, ասելը, որ Իոաննիսյանի հայտարարությունը պարտավոր է դատապարտել նաեւ վարչապետ Փաշինյանը: Այլապես ի՞նչ է նրան սպասվում Ռուսաստանում, որտեղ նա հաճախ է լինում, բարեւում Պուտինին, հետը շփվում՝ աթոռի թիկնակին հենված: Ուզում եմ նաեւ հավատալ, որ այս իրավիճակում Փաշինյանն իր անելիքը լավ գիտի:

Հիմա գանք Դանիել Իոաննիսյանի երկրորդ գրառմանը, որով նա փորձել է կատակի տալ առաջին գրառումը եւ քաղաքական ինչ-որ բան բխեցնել իր դատարկաբանությունից: Մեջբերեմ. «Քոչարյանի բանտախցի դուռը Պուտինի վրա փակելու հումորս որոշ մարդիկ ու ֆեյքեր նենց ծանր են տարել, որ լրիվ պարզ է դառնում, որ ոմանք փորձում են տպավորություն ստեղծել, թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի»:

Հ.Գ. Չէի պատկերացնում, որ հումորս տենց լյուստրացիայի կհանգեցնի:

Հ.Հ.Գ. Երբ ես Պուտինի դեմ ցույց էի կազմակերպում, Քոչին պաշտպանողներիցդ շատերը նույնիսկ մտքում էիք վախենում իշխանությանը թթու խոսք ասել»:

Ինչպես տեսնում եք՝ Դանիել Իոաննիսյանի պրոբլեմները Ռուսաստանով ու Պուտինով չեն ավարտվում: Նա հստակ խնդիր ունի նաեւ ՀՀ վարչապետի հետ: Տեսեք, եթե Իոաննիսյանը «վախենում է», որ կարող է տպավորություն ստեղծվել, թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի», ապա միանշանակ է, որ Դանին (այսպես են նրան դիմում փաղաքշաբար) շատ հեռու է արդարադատությունից:

Եթե Նիկոլը մարդուն պահում է բանտում, որովհետեւ նա հզոր ընկերներ չունի, իսկ բաց է թողնում, որովհետեւ նա ունի, օրինակ, Պուտինի նման ընկեր, դա դեռ չի նշանակում, որ Նիկոլը, մեր մեջ ասած՝ «լավ տղայա» եւ արդարադատություն է իրականացնում: Սա՝ մեկ խնդիր: Երկրորդը՝ Դանիել Իոաննիսյանը հիշել է այն բորբ օրերը, երբ ինքը Արթուր Սաքունցի հետ բոյկոտում էր Պուտինի այցը Հայաստան: Փաշինյանը, որն այդ օրերին թունդ ընդդիմադիր էր Հայաստանի ռուսամետ իշխանություններին, փողոցում չէր՝ Սաքունցի եւ Դանիի կողքին: Ինչո՞ւ… Երեւի պետք է Փաշինյանին հարցնել, որպեսզի նաեւ հասկանանք, թե ինչպես, հանկարծ, այս երկու «պուտինատյացները» հայտնվեցին իր կողքին՝ թավշյա հեղափոխության ակունքներում:

Դանիի հետ ցույց անող Սաքունցն այն ժամանակ հայտարարեց՝ ով դուրս չգա Պուտինի դեմ ցույցին՝ «քուչի թուլայա»… Կներեք, բայց ես հարց ունեմ՝ ուղղված այս սորոսականներին՝ դուք այդ ո՞ւմ նկատի ունեիք «քուչի թուլա» ասելով, մի՞թե նաեւ մեր այսօրվա վարչապետին, որ ամեն օր հայ-ռուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ է աշխատում՝ իրեն չխնայելով:

ՀԳ. Պարոն Փաշինյան, բարեկամաբար եմ ասում՝ Դուք ձեւավորել եք մի իշխանություն, որտեղ բուն դրած բանդերլոգներից ազատվելու շանսեր կարծես չունեք:

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am