Վարուժան Շահսուվարյանը հերքում է Արսեն Թորոսյանի պնդումը

Որեւէ դեստրուկցիա անթույլատրելի է

Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի ազատումից հետո ազատման դիմում գրած Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի տեղակալ, օնկոլոգ Վարուժան Շահսուվարյանը հերքում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պնդումը, թե ինքն աշխատանքի այլ առաջարկ է ունեցել, այդ պատճառով է ազատվել։  

«Հերքում եմ։ Ես միշտ ունեցել եմ հրավերներ, անգամ դրսից, ինչպես նաեւ այստեղից՝ տարբեր կլինիկաներից»,–NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա։

Բժշկի խոսքով՝ Արմեն Տանանյանի ազատման հրամանը չպատճառաբանված է եւ իր համար անհասկանալի.  «Ես էլ շատ-շատ բան եմ արել կենտրոնում, 13 տարին աշխատել եմ կենտրոնում ու տնօրենի ազատման հրամանը չպատճառաբանված է եւ ինձ համար անհասկանալի»։

Վարուժան Շահսուվարյանը, սակայն, շեշտում է՝ կենտրոնի նոր տնօրենի դեմ ոչինչ չունի. «Նոր տնօրենի դեմ ոչինչ չունեմ, շատ լավ տղա է, շատ լավ մարդ է, ճանաչում եմ անձնապես, նշանակումից հետո առաջինն եմ իրեն շնորհավորել, բեղմնավոր աշխատանք եմ մաղթել, որովհետեւ դա այն ոլորտն է, որ չպետք է մեկ րոպե կանգնի»։

Նա չցանկացավ մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ տնօրենի ազատումը եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լարվածությունը կենտրոնի աշխատանքների վրա, սակայն շեշտեց՝ ոլորտը շատ կարեւոր է, որեւէ դեստրուկցիա անթույլատրելի է։

Օնկոլոգը շեշտեց՝ շարունակելու է ուռոլոգիայով զբաղվել, թե որտեղ այս պահին հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի ազատումից հետո կենտրոնում իրավիճակը լարվել էր։ ըստ մամուլի տեղեկությունների՝ Տանանյանը պնդել էր, որ առողջապահության փոխնախարարը եւ նախարարն իրեն վերջնագիր են ներկայացրել` պաշտոնից հեռանալու պահանջով, ընդգծելով, որ նրան առաջարկել են կամ կամավոր լքել պաշտոնը եւ շնորհակալության խոսքեր լսել, կամ ինքը կհեռացվի հրամանով, նա հրաժարվել էր կամավոր հեռանալ։