Էրդողանն անընդունելի է համարում, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ

Թուրքիան միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին 1980թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք մշակել, այն դեպքում, երբ այլ երկրներ միջուկային զենք ունեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիան միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին 1980թ.:

«Որոշ երկրներ միջուկային մարտագլխիկներ ունեն, որոշները՝ 1-2-ը, սակայն մեզ արգելվում է: Ես դա չեմ ընդունում: Այժմ չկա մի զարգացած երկիր, որը միջուկային զենք չունենա: Իսկ մենք չունենք… Իսկ մեզ ասում են՝ «տես, հանկարծ չանես…»: Օրինակ, Իսրայելը: Միջուկային զենք ունի՞: Իհարկե: Եվ դրանով սպառնում է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի արեւելյան Սիվաս քաղաքում:

Նրա խոսքով՝ Թուրքիան այժմ աշխատանքներ է տանում իր պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես, Ռուսաստանից գնելով Ս-400 զենիթահրթիռային համակարգերը՝ հակառակ ԱՄՆ ճնշումներին: