Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում

Քաղտեխնոլոգի խոսքով, ամենեւին տարօրինակ չի լինի, եթե Ամուլսարի հարցով քավության նոխազ դառնա հենց Իվանյանը

«Իսկ ի՞նչ է, ինչ-որ մեկը կարծում է, թե վարչապետը չգիտե՞ր, որ Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավարը նախկին նախարարի հետ կապեր է ունեցել, հենց նո՞ր իմացավ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ընթացող զարգացումներին ։

Աղբյուրը նշում է, որ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակապից հետո վարչապետը հայտարարեց, որ կառավարության աշխատակազմը «Էլարդ»-ի եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ եզրակացությունը նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Իսկ ահա սեպտեմբերի 4-ին նախարարությունը որեւէ եզրակացություն չհրապարակեց։ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարվեց, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Սրան զուգահեռ շրջանառվեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Բացի այդ՝ հայտնի դարձավ, որ նա եւ ՔԿ նախագահի տեղակալն ազատվելու դիմում են գրել, թեև ՔԿ-ն պաշտոնապես չի հաստատում այս տեղեկությունները։

Քաղտեխնոլոգի խոսքով, ամենեւին տարօրինակ չի լինի, եթե Ամուլսարի հարցով քավության նոխազ դառնա հենց Իվանյանը։ «Դա բնական է վարչապետի համար,նա երբեք իր մեղքը չի ընդունում։ Նրա համար մեղավոր են բոլորը՝ բացի իրենից։ Մեղավոր էր արդարադատության նախարարը, որը դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագիր չէր ներկայացրել, Ընդերքի պետական տեսչական մարմնի ղեկավարը, փորձագետը, որը պաշտոն էր ուզում վարչապետից, բայց նա չտվեց, հիմա էլ՝ քննչական խմբի ղեկավարը, այսինքն , բոլորը մեղավոր են՝ բացի իրենից»-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով, Ամուլսարի հարցը մի քանի ենթապատասխաններ ունի, որոնք տարբեր են մեկը մյուսից։ «Նախ, սա տնտեսական խնդիր է, սա բնապահպանական խնդիր է,սա քաղաքական խնդիր է եւ իհարկե, սա արտաքին քաղաքական խնդիր է։ Հասկանալի է, որ նախկին իշխանությունները տվել են համաձայնությունը, ներդրումներ են կատարվել և հարցը պետք է լուծվի, բայց վարչապետը փորձում է մանեւրել եւ օրվա կուրսին համապատասխան՝ որոշումներ է փոխում՝ չկարողանալով կողմնորոշվել, թե որ գործոնին պետք է առաջնահերթություն տալ»։

Ըստ Բադալյանի, մինչեւ այն, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը չի մեկնում Լեհաստան՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, Փաշինյանը, կարծես թե, փորձում էր արտաքին քաղաքական կողմին առաջնահերթություն տալ՝ նկատի ունենալով հայ-ամերիկյան հարաբերությունները. « Երբ պարզվեց, որ վարչապետը չի մեկնում Լեհաստան , որովհետեւ Թրամփն էլ չէր մեկնում եւ այնտեղ փիարի խնդիր չկար , կարծես արտաքին քաղաքական մասը դուրս եկավ եւ առաջ մղվեց բնապահպանական կողմը։ Միեւնույն ժամանակ , երբ ծագում է ներդրումների խնդիրը, վարչապետը հրաժարվում է խնդրի՝ բնապահպանական կողմին առաջնահերթություն տալուց եւ փորձում է տնտեսական գործոնին տեր կանգնել, որովհետեւ Ամուլսարի հետ կապված որոշակի տնտեսական խնդիրներ, այդուհանդերձ առաջանալու են, եթե հանքը փակվի։ Տպավորությունն այնպիսին է , որ Փաշինյանը մանեւրում է եւ փորձում է խնդրի լուծումը հետաձգել»,-նշում է Արմեն Բադալյանը

Քաղտեխնոլոգը հենց սրանով է բացատրում , որ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ-ի հարց է առաջ քաշում։

Իսկ Ամուլսարի խնդրի լուծումը հետաձգելով, Բադալյանի խոսքով, Փաշինյանը, ուզում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Արցախի հանրապետությունում սպասվող նախագահական ընտրությունների վրա եւ իր իշխանությունն էլ տարածել այնտեղ։