«Ռուս-թուրքական հարաբերություններ չկան, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ»

Համագործակցությունն ու ընդհանուր հարաբերությունների ընթացքը կախված են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից
Պուտին -էրդողան

Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միասին մասնակցեցին «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի կառուցման աշխատանքների ավարտն ազդարարող արարողությանը, ավելի շատ հատուկ ուղերձ էր Արևմուտքին, որի հետ հարաբերություններում երկու երկրներն էլ ծանր ժամանակներ են ապրում: Այդ մասին գրում է թուրքական T24 կայքի ռուսաստանյան թղթակից Հաքան Աքսայը:

«Ռուս-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ», - նշել է լրագրողը:

Նա գրում է, որ թեև այժմ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են փայլուն թվալ, սակայն դրանցում դեռևս զգացվում է 3 տարի առաջ Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդած քաղաքական ճգնաժամի հետքը: 

Ըստ Աքսայի՝ ռուս-թուրքական հարաբերություններում էներգետիկ ոլորտից մինչև զբոսաշրջություն ու առևտուր՝ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունն ու ընդհանուր հարաբերությունների ընթացքը կախված են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին տարիներ առաջ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։


Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր: