Ես չեմ զղջում, նա փախնող տեսակ չէ. Արկադի Ղուկասյանն ասաց, թե ինչու է դատարան միջնորդություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի համար

Արցախի նախկին նախագահի խոսքով իրենց պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի լինի արդար դատավարություն

Մենք բոլորս առաջին հերթին մարդ ենք, հայ ենք, հետո՝ քաղաքական գործիչ: Այս տեսանկյունից յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր մարդկային պարտքը կատարել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ծառայություն ունեն, հարված են վերցրել իրենց վրա, հսկայական գործ են արել: Իսկ թե ով է մեղավոր, ով՝ ոչ, դատարանն է որոշում, ես դատավոր չեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` խոսելով դատարանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար միջնորդություն ներկայացնելու մասին:

Ղուկասյանը նշել է, որ որևէ մեկն իրավունք չունի միջամտելու դատական պրոցեսին. «Մենք իրավաբաններ չենք, չենք կարող գնահատականներ տալ: Բայց մեր պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի լինի արդար դատավարություն: Ես համոզված եմ, որ արդար դատավարության արդյունքում կլինի այն, ինչ ակնկալում է ժողովուրդը»:

Ղուկասյանի խոսքերով, այն, որ Մարտի 1-ին հանցագործություններ են եղել, ակնհայտ է. «Բայց ով է որոշելու, թե ով է մեղավոր: Այս պահին ով կարող է դա ասել: Գերագույն գլխավոր հրամանատարը միշտ պատասխանատու է, բայց միշտ մեղավոր չէ:

Ապացուցեք մարդու մեղքը և բանտ նստեցրեք: Ես կողմնակից եմ, որ մեղավորը բանտում լինի: Բայց ապացուցեք մեղքը: Մինչ այդ արդար չէ մարդուն բանտ ուղարկել, մանավանդ նրան, ով մեծ ծառայություններ է մատուցել: Շատերը հարց են տալիս՝ բա որ փախնի, թաքնվի: Դա մեր մարդկային տեսակը չէ, մեզանից որևէ մեկը չի փախնելու, անհնարն է դա: Այն մարդիկ, ովքեր անցել են պատերազմով, չեն փախնում, փախնելն ամոթ է: Եթե նա մեղավոր է, թող ապացուցեն: Եթե մեղավոր լինի ու դա ապացուցվի, ես միգուցե միջնորդեմ, որ պատիժն ավելի մեղմ լինի՝ հաշվի առնելով նրա ծառայությունը»,-ասել է Ղուկասյանը՝ հայտարարելով, որ չի զղջում միջնորդություն ներկայացնելու համար, քանի որ իր մարդկային պարտքն է կատարել: