Որևէ մեկը երբևէ չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի կազմով այցելել է Արցախի Հանրապետություն մասնակցելու տոնական միջոցառումներին

Անկախությունն այսօր ավելի ամուր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` բոլորին շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ. «Տարեց տարի անկախության հիմքերն ու երաշխիքներն ամրացվել են»:

Միրզոյանի խոսքերով, պետք է գիտակցել, որ Արցախի անկախությունը բազմաթիվ սերունդների նվիրական երազանքն է եղել, որն այսօր իրականություն է. «Մենք պարտավոր ենք բոլոր ջանքերը գործադրել այն ավելի ամրապնդելու և տրամաբանական վերջաբանին հասցնելու համար»:

Ինչ վերաբերում է Արցախի և Հայաստանի միջև սեպ խրելու փորձերի մասին հարցին, Միրզոյանը նշեց, որ դա հնարավոր չէ, որևէ մեկը երբևէ չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև՝ անկախ նրանից, թե որտեղ ինչ քաղաքական իշխանություն կլինի:

Հարցին, թե ինչ է արվում տարբեր ատյաններում Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելի դարձնելու համար, ԱԺ նախագահը հայտարարեց, որ պետք է բոլոր հնարավոր ատյաններում բարձրաձայնել այդ մասին. «Ի վերջո դա հիմնարար իրավունքներից է: Աշխարհն այսօր առաջ է գնում, առաջադիմության գլխավոր կետերից է մարդու իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքը ևս այդ հիմնարար իրավունքների շրջանակներում է: Հայկական դիվանագիտությունը պետք է հենց այս ասպեկտով իրականացնի խնդիրը: Ի վերջո որքան էլ մեր սրտերին ավելի մոտ է պատմական արդարության վերականգնումը, պետք է հասկանանք, որ աշխարհն այլ լեզվով է խոսում՝ իրավունքների լեզվով է խոսում»: