Ծառուկյանը «բարեգործություն» անում էր իր միջոցներով, «Իմ քայլը» անում է անհասկանալի ծագման միջոցներով

Մենք պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող պրոցեսներն իրական թե միֆական «թեժ աշնան» սլոգաններով են գնում

«Մենք պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող պրոցեսներն իրական թե միֆական «թեժ աշնան» սլոգաններով են գնում։Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Վերջինիս խոսքով պրոցեսները Հայաստանում չեն գնում ցանկալի ուղղությամբ, հասարակական դժգոհություն է հասունանում։

Մի կողմից ընդդիմությունը հայտարարել է, որ լինելու է թեժ աշուն եւ ինքը լինելու է ընդդիմություն, ինքնակազմակերպվելու է, քանի որ մենք հիմա չունենք ընդդիմություն, իսկ իշխանությունն էլ աշխատում է թույլ չտալ դա»,–նշեց նա։

Քաղաքագետը ենթադրում է, որ փորձ կարվի հավաքել կուտակված դժգոհությունը. «Ինչու պետք է լինի թեժ աշուն, որովհետեւ պրոցեսները Հայաստանում չեն գնում ցանկալի ուղղությամբ, հասարակական դժգոհություն է հասունանում, նույն պրոցեսները, ինչ եղել են մինչեւ 2018 թվականը, բայց թե ինչու հենց այս աշնանը պետք է լինի թեժ, այդքան էլ ակնհայտ չի։ Գուցե թեժ կլինի, որովհետեւ այս քաոսի մեջ կլինեն բյուրեղացման, տուրբուլենտության կենտրոններ, որոնք կփորձեն ակումուլացնել եղած դժգոհությունները, իսկ իշխանությունը փորձում է այդ կենտրոնները վերացնել»։

Աղասի Ենոքյանի խոսքով՝  իշխանությունը փորձում  է հանրային օրակարգից հանել այն հարցերը, որոնք կարող են հասարակության համար դառնալ կարեւոր. «Այդ ձեւերից մեկն այն է, որ հանրային օրակարգից փորձում են հանել այն հարցերը, որոնք կարող են հասարակության համար դառնալ կարեւոր։ Մենք տեսանք, որ հետ կանգնեցին Ստամբուլյան կոնվենցիայից, լուրջ հետքայլ արվեց Ամուլսարի հարցում, եթե այս հարցը չփակվի, իշխանությունները կգնան գոնե հարցի սառեցման տարբեր անուններով՝ նոր փորձաքննություն կնշանակեն,  մինչեւ աշնան թեժ պահն անցնի»։

Նրա համոզմամբ՝ իշխանությունը բացի նեգատիվ քայլերը անում է նաեւ հանրությանն իր կողմը գրավելու քայլեր, սակայն երբեմն անհաջող, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հրապարակած վերջին տեսանյութը. «Մամուլում հրապարակումներ եղան, որ օրինակ Սերժ Սարգսյանին կձերբակալեն։ Իշխանությունն անում է նաեւ հասարակությանը իր կողմը գրավելու քայլեր, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի անընդհատ գրառումները ֆեյսբուքում, մենք տեսանք մի փոքրիկ ֆիլմ, բավականին պոպուլիստական, իմ կարծիքով՝ շատ անհաջող,  այն պատճառով, որ մեջը ոչ մի պոզիտիվ բան չկար, «Սերժին մերժելու» տրամաբանության մեջ սարքած բան էր, երբ 1.5 տարի առաջ արդեն մերժել ենք»։

Քաղաքագետը նշում է՝  ԱԺ խմբակցության  անունով բարեգործական հիմնադրամ հիմնելը այնքան էլ լավ գաղափար չէր. «Այս տրամաբանության մեջ եմ տեսնում բավականին շատ գովազդված «Իմ քայլը» հիմնադրամի կողմից դրամաշնորդներ տալը։ Միշտ էլ եղել են այդպիսի բաներ, բացի այս խմբակցության  անունով բարեգործական հիմնադրամ հիմնելը այնքան էլ լավ գաղափար չէր, քաղաքական կոռուպցիայի հոտ է գալիս։

Ժամանակին Գագիկ Ծառուկյանին էին քննադատում  թե դա բարեգործություն չի ընտրակաշառք է, բայց Գագիկ Ծառուկյանն անում էր իր միջոցների հաշվին, իսկ «Իմ քայլը» անում է, իրենց խոստովանմամբ անհասկանալի ծագմամբ միջոցների հաշվին։

Ժամանակին «Լույս» հիմնադրամն էր անում, բայց այդպես չէր գովազդվում»։