Գիտնականները ստեղծել են միջոց` առանց պլոմբավորման ատամը վերականգնելու համար

48 ժամ անց նկատել են նոր էմալի աճը

Չինաստանի Չժեծյանի համալսարանի գիտնականները ստեղծել են հատուկ քսուք, որը վերականգնում է ատամի ամբողջականությունը՝ առանց պլոմբավորման։

Ինչպես հայտնում է New Scientist-ը, քսուքի բաղադրության մեջ իսկական ատամի էմալի որոշ կառուցատարրեր են պարունակվում, կալցիում եւ ֆոսֆատ։ Փորձարկումներն իրականացնելիս օգտագործվել են թթուներով քայքայված մարդկային ատամներ։ Դրանք տեղադրվել են արհեստական միջավայրում, որը եղել է համարժեք մարդու բերանի խոռոչի միջավայրին, եւ քսել քսուքը։ 48 ժամ անց նկատել են նոր էմալի աճը։ Նոր էմալի հաստությունը ընդամենը երեք միկրոմետր է։ Սակայն գիտնականները վստահ են, որ քսուքի մշտական օգտագործման ընթացքում վերականգնված մասի հաստությունը կարելի է եւ ավելացնել։