Աշխատողն ասաց՝ Աննա Հակոբյանը քաղաքում չէ, բայց երեկոյան լայվ էր մտել Կարապի լճից

2011 թվականին Սերժ Սարգսյանը մոտեցավ, ճաղերի հետեւից խոստումներ տվեց, բայց ոչինչ չարեց

Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած մարդն ինձ ասում է՝ Աննա Հակոբյանը քաղաքում չէ, բայց մենք տեսանք, որ նա գիշերը Կարապի լճից լայվ էր մտել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29–ին, լրագրողների հետ զրույցում ասացին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները՝ անդրադառնալով վարչապետի տիկնոջն ուղղված իրենց դիմումին, որով պետք է հանդիպեն վերջինի հետ։

Նրանց խոսքով՝ իրենք վրդովված են Աննա Հակոբյանի անտարբեր վերաբերմունքից. «Մենք օգոստոսի 15–ին դիմում ենք գրել, կառավարության դիմումների բաժնում նամակը գցել ենք, որպեսզի հասնի առաջին տիկնոջը։ նշել ենք, քանի որ դուք էլ զինվորի մայր եք, առաջին տիկինն եք, ուզում ենք՝ լսեք մեզ, որովհետեւ մեր երեխեքի սպանությունների գործով մինչ այսօր ոչինչ չի արվում։ Ինքն ընդունել է քառօրյա պատերազմի զոհվածների ծնողներին, մարտի 1–ի զոհերի ծնողներին. ինձ համար զարմանալի է այս անուշադրությունը մեր նկատմամբ։ Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած անձը երկուշաբթի զանգել է ինձ, ասում է՝ գիտեք, Աննա Հակոբյանը ձեզ չի կարող ընդունել, քանի որ ինքը քաղաքում չի եւ 2 շաբաթ հետո է գալու, բայց մենք տեսել ենք, որ երեկոյան Կարապի լճից լայվ էր մտել»։

Նրանց խոսքով՝ իրենք տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիներին սպանողները. «2011 թվականին Սերժ Սարգսյանը մոտեցավ, ճաղերի հետեւից խոստումներ տվեց, բայց ոչինչ չարեց։ Հիմա փաստորեն շարունակվո՞ւմ է այս ամենը։ Մենք սպասում ենք, հույսեր ունեինք, ասեմ՝ հույսը քիչ–քիչ մարում է վարչապետի նկատմամբ, որովհետև այն ժամանակ այն իշխանությունն էր, հիմա էլ այս իշխանությունն է անտարբերության մատնում մեզ։ Իշխանությունը փոխվեց, հեղափոխություն եղավ, այս աթոռներին նստեցին, բայց չպայքարեցինք, որ իրենք նստեն ու մեզ քարկոծեն, տշեն»։