Նիկոլ Փաշինյանը չի ուզում Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում

Այսօր կայացել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովը, որին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

2018 թվականի հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում շրջադարձեր, ռեվերսներ տեղի չեն ունենալու, եւ շրջադարձեր իրոք տեղի չեն ունեցել եւ արտաքին քաղաքական ասպարեզում մենք աշխարհաքաղաքական առումով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով, ընդհուպ Ղարաբաղի հարցի բացառապես խաղաղ կարգավորման առումով ապահովել ենք եւ ապահովում ենք ժառանգականություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց սա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: Իրականում՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան է փոխվել, եւ այդ փոփոխություններից առանցքայինը ավանդական խուսանավումների քաղաքականությունը փոխարինելն է սեփական հստակ դիրքորոշում ունենալու եւ այդ դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու քաղաքականությամբ:

Սա, իհարկե, չի նշանակում, թե մեր կառավարությունը հրաժարվել է խուսանավելու, ճկուն լինելու գործիքակազմից: Քավ լիցի, դա անհնար է եւ ոչ խելամիտ:

Բայց խուսանավել, առանց հստակ եւ սեփական երկրի ազգային շահերին համապատասխան դիրքորոշում ունենալու, նշանակում է Հայաստանը դնել հեղեղի մեջ ընկած տաշեղի կարգավիճակում, իսկ խուսանավել հստակ, հասկանալի եւ սեփական երկրի ռազմավարական շահերից բխող դիրքորոշումներ ունենալով՝ նշանակում է այդ հեղեղի մեջ լինել առնվազն նավակի կարգավիճակում եւ հնարավորություն ունենալ կառավարել սեփական ընթացքը եւ ինչ-որ առումով՝ նաեւ հեղեղը: Սա, իհարկե, հեշտ և պարզ ճանապարհ չէ, բայց սա մի ճանապարհ է, որով մենք պետք է գնանք, և որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Հենց սա է մեր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը, որը մենք միասին պարտավոր ենք լուծել ու կլուծենք:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև դիվանագիտական համակարգի գործունեությանը, Սփյուռքի հետ համագործակցությանը, արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, հայկական ներուժի քարտեզագրմանը և ձևավորմանը, արտաքին քաղաքականության մեջ տնտեսական կոմպոնենտի ակտիվացմանը, Հայաստանում տնտեսական հնարավորությունների տարածմանը, ներկայացմանը և այլ թեմաների»,-ասաց վարչապետը: