Արարատը 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի կորզեց Ալաշկերտի հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրորդ խաղակեսում պայքարը հավասար էր, երկու թիմերն էլ ակտիվ էին առջևում

Armsport.am-ը գրում է

Հայաստանի Բարձրագույն խմբում ավարտվեց 4-րդ տուրը:

Առաջին երեք խաղերում երեք հաղթանակ տոնած «Արարատը» ընդունել էր «Ալաշկերտին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Առաջին խաղակեսում Սերգեյ Բոյկոյի թիմը լավ տեսք ուներ: Տանտերերը մի քանի անգամ կարող էին գրավել մրցակցի դարպասը: Երկու անգամ շատ լավ հնարովորություն ուներ Դավիթ Խուրսիձեն, սակայն ամեն անգամ հարվածները շեղ էին ընթանում:

Առաջին կեսի վերջում «Ալաշկերտը» բացեց հանդիպման հաշիվը: 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Տիագո Գալվաոն:

Երկրորդ խաղակեսում պայքարը հավասար էր: Երկու թիմերն էլ ակտիվ էին առջևում: 74-րդ րոպեին Դավիդ Դավիդյանը կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից:

«Արարատը», սակայն, չհուսահատվեց ու կարողացավ հավասարեցնել հաշիվը: 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դմիտրի Ռիժովը:

Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1-1 հաշվով: Այս հանդիպումից հետո «Արարատը» վաստկեց 10 միավոր ու առաջին տեղում է: «Ալաշկերտը» 4 միավորով 5-րդն է: